Մարտի 18-ին «Մետրո» թատրոնում կայացավ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հերոս, գրող, կինոգործիչ Դավիթ Սարապյանի (Դևի) 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո։ Այն կազմակերպել էր «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը՝ հայտնի արտիստների, Դավիթ Սարապյանի մարտական և մանկության ընկերների, ինչպես նաև Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտների հետ համատեղ։
Դավիթ Սարապյանը Արցախյան առաջին պատերազմի խորհրդանիշներից է։ Նա, թողնելով իր սիրելի ռեժիսորական աշխատանքը, կամավոր մեկնել է առաջնագիծ, ծառայել Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակում» և մասնակցել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդին։ Հերոսական հայտնի գործողություններից մեկը Տող գյուղի ազատագրումն էր, որը ռազմագիտական տեսակետից անհավանական թվացող պայմաններում հաղթանակ ապահովեց Սարապյանի ջոկատների համար։ Գեներալ-մայոր, Հայաստանի ազգային հերոս Արկադի Տեր Թադևոսյանը նրան անվանել է «հերոսական հաղթանակի մունետիկ»՝ ընդգծելով, որ Դավիթն իրենց ուժ տվեց ու հավատ ներշնչեց։
Երեկոն սկսվեց Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի աղոթքով և հոգևոր խոսքով, ցուցադրվեցին հատվածներ Ցվետանա Պասկալևայի «Նվիրյալները» ֆիլմից, ինչպես նաև ցուցադրվեցին Արկադի Տեր-Թադևոսյանի, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Գագիկ Գինոսյանի տեսագրությունները՝ ստեղծելով Դավիթ Սարապյանի հերոսական կերպարի ամբողջական պատկերը։
Դավիթ Սարապյանը շատերի համար դարձել է ոգեշնչման աղբյուր. նրա անհատականությունն ու բազմակողմանի տաղանդը մեկտեղեց մի ամբողջ նախաձեռնություն, որն այսօր կրթական ծրագրերի, դպրոցական ստեղծագործական նախագծերի և հանրային միջոցառումների շարքով շարունակում է նրա հիշատակը պահպանել։ Մասնավորապես, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գործում է Դավիթի անունով դասարան և թանգարան: Աշակերտները հուզիչ կերպով ներկայացրեցին Դավիթի բանաստեղծություններն ու երգերը, իսկ Դավիթի անվան դպրոցի դհոլահար և կիթառահար աշակերտների կատարումները երեկոյին ավելացրին կենսական ռիթմ։
Գրականագետ Մերի Կարապետյանը ներկայացրեց Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը՝ «300 վայրկյան» կինոսցենար-վիպակով, պատմվածքներով և «Վարազդատ արքա» համակարգչային խաղի սցենարով՝ նորովի լուսաբանելով նրա ստեղծագործական աշխարհը։
«Դավիթ Սարապյան» նախաձեռնության անդամ, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ընդգծեց․ «Վերջին պատերազմների ու դժվարությունների համատեքստում շատ կարևոր է հասարակությանը ներկայացնել իրական հերոսներին և նրանց արժեքները։ Երեխաների հետ աշխատելը՝ իրենց ուսումնական և ստեղծագործական աշխարհում ներգրավելը, մեծապես օգնում է պահպանել ազգային ոգին»։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Դավիթ Սարապյանին հոգեհարազատ երգերից՝ «Թռչեի մտքով տուն»-ը Դենիս Վարդանյանի կատարմամբ, իսկ «Մայրիկ» երգը ներկայացրեց դպրոցի շրջանավարտ Էլեոնորա Հարությունյանը։ Միջոցառմանը հրավիրված էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների մայրերը։
Այսօր «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը ամուր հիմքերի վրա է, և նրա գործը՝ երիտասարդների հետ համագործակցությամբ, շարունակում է նոր սերնդի համար դառնալ ոգեշնչման աղբյուր, ինչպես ինքն էր ապրում՝ հայրենիքի, մշակույթի և արվեստի համահավասար նվիրումով։
Ալինա ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: