Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները:
ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որն այցելում էր նրանց պահման վայրերում, սակայն 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի կառավարության պահանջով:
Այս պայմաններում բանտարկյալների իրավական կարգավիճակի հարցը՝ այն իմաստով, որով այն դիտարկում է միջազգային հումանիտար իրավունքը, հատուկ նշանակություն է ստանում:
Այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու խնդրանքով էլ Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Հարգելի՛ նախագահ,
Ձեզ եմ գրում իմ ամուսնու՝ Հայաստանի քաղաքացի, բարերար եւ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունից, ում Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կալանավորել են 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան անցնելու ժամանակ։
Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության առնչությամբ։ ԿԽՄԿ-ի դերը եւ մանդատն իսկապես բացառիկ ու աննախադեպ են։ Դաժանությունների, պատերազմների եւ անարդարության ժամանակներում ԿԽՄԿ-ն մնում է արժանապատվության, կարեկցանքի եւ մարդկայնության հազվագյուտ խորհրդանիշ՝ իրականացնելով խոցելի մարդկանց պաշտպանելու ազնիվ առաքելություն։ ԿԽՄԿ-ն միջազգային այն փոքրաթիվ կազմակերպություններից է, որի անդամները չեն կորցրել իրենց առաքելության զգացումն ու շարունակում են սրտացավությամբ եւ հոգատարությամբ վերաբերվել իրենց աշխատանքին։ Մենք անկեղծորեն գնահատում ենք Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը Ռուբենին՝ ադրբեջանական կալանավայրում։ Մեր եւ, վստահ եմ, կալանավորված մյուս հայերի ընտանիքների համար ձեր այցելությունները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան պարզապես պաշտոնական ընթացակարգ լինելը։
Գրում եմ Ձեզ՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատի, գաղտնիության, անաչառության եւ չեզոքության՝ վաղուց ի վեր հաստատված սկզբունքների լիակատար գիտակցումով։ Միեւնույն ժամանակ, ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարեւոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։
Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները եւ փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։ Ապօրինի կալանքի եւ անհիմն դատավարությունների պատճառով նրանց ընտանիքներին հասցված տառապանքն ավելի է խորանում, երբ ադրբեջանական իշխանություններն այդ մարդկանց հրապարակային ձեւով ու պարբերաբար անվանում են «ահաբեկիչներ»՝ խեղաթյուրելով կալանավորվածների կարգավիճակը եւ տարածելով ապակողմնորոշող տեղեկություններ։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամենայն հարգանքով, խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին եւ մյուս հայ բանտարկյալներին։ Մասնավորապես, մենք փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք ԿԽՄԿ-ն նրանց դիտարկել է իբրեւ ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որեւէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։
Այս հարցի պարզաբանումը չափազանց կարեւոր է։ Ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում եւ պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի եւ ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։
Թո՛ւյլ տվեք եզրափակել՝ արտահայտելով անկեղծ երախտագիտությունս այն սրտացավության եւ արժանապատվության համար, որն իր աշխատանքով ապահովում է Կարմիր Խաչը։ Սրանք անփոխարինելի հատկանիշներ են, որոնց պակասը զգացվում է ամբողջ աշխարհում։
Վերջում ցանկանում եմ դիմել ձեզ ոչ միայն պարզապես պաշտոնական նամակի ձեւով, այլեւ խորապես անձնական բնույթի կոչով՝ որպես մի կազմակերպության, որի առաքելությունը միշտ եղել է մարդու կյանքը, արժանապատվությունն ու արդարությունը ձեւականություններից ու քաղաքական նկատառումներից վեր դասելը։ Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատեւ ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ ոգին կուղղորդի ձեզ՝ ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի եւ կալանավորված մյուս հայերի հետ կատարվողին»:
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին
Երեւան: Մեդիամաքս: Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ավելի քան երկու տարի զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից: