Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք տարածքային հավակնություններ են պարունակում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։
«Ես դա վտանգավոր պրոցես եմ համարում, որը պետք է կառավարենք։ Եվ պետք է այդ պրոցեսն իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Բա երկու տարի է ես ինչի՞ մասին եմ խոսում»,- մարտի 19-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում նման հայտարարությունների դեմ պայքարը, Փաշինյանը նշեց՝ առաջին հերթին կառավարելու են պրոցեսի պատճառահետևանքային կապերը՝ հասկանալով և պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով, լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։
«Եթե մենք այսօր ասում ենք, ենթադրենք՝ Արարատը մեր լեռն է, Արցախը մերն է, Դադիվանքը մերն է, ինչո՞ւ իրենց պետք է սահմանափակի հայելային ձևով նույնն ասել;
Բայց կա նաև հակառակը, եթե իրենք ասում են «Արևմտյան Ադրբեջան», ինչը էստեղ շատ ուժերի պետք է սահմանափակի՝ ասել հակառակը։ Երբ ես ասում եմ որ և Հայաստանը, և Ադրբեջանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, դա նշանակում է, որ զուգահեռաբար մենք այս խնդիրը պետք է լուծենք։Եվ դրա առաջին ամենակարևոր քայլն արված է՝ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է։ Մենք այս հենքի վրա պետք է աշխատենք»,- ասաց վարչապետը։
The post Ես դա վտանգավոր պրոցես եմ համարում․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին appeared first on CIVILNET.