Իսրայելի բանակը հաստատել է Իրանի հետախուզության նախարարի մահը՝ նշելով նրա դերը «ճնշումների և ահաբեկչական գործողությունների» մեջ

Քաղաքականություն

18.03.2026 | 17:55

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունից հետո՝ երկրի բանակը նույնպես հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը սպանվել է գիշերը տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ։ Խաթիբը, որը հետախուզության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից, մայրաքաղաք Թեհրանում թիրախավորվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից։

Իսրայելական բանակը պնդում է, որ Հետախուզության նախարարությունը «կարևոր դեր է խաղացել ռեժիմի ճնշումներին և ահաբեկչական գործունեությանը աջակցելու գործում»։ Նշվում է, որ նախարարությունն «ունի առաջադեմ հետախուզական հնարավորություններ, որոնք վերահսկում են լրտեսությունը և գաղտնի գործողությունների իրականացումն ամբողջ աշխարհում, մասնավորապես, Իսրայել պետության և Իրանի քաղաքացիների դեմ»։

Նշվում է նաև, թե որպես հետախուզության նախարար՝ Խաթիբը «նշանակալի դեր է խաղացել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ինչպես ցուցարարների ձերբակալությունների և սպանությունների, այնպես էլ ռեժիմի հետախուզական գնահատականի ձևավորման հարցում», ինչպես նաև 2022-2023 թվականներին Մահսա Ամինիի սպանության հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ։

Իսրայելական բանակը նշում է, որ Խաթիբը նաև ղեկավարել է նախարարության «ահաբեկչական գործունեությունն ամբողջ աշխարհում իսրայելական և ամերիկյան թիրախների դեմ, ինչպես նաև Իսրայելի ներսում թիրախների դեմ ուղղված գործողությունները» ներկայիս պատերազմի ընթացքում։

Նշենք, որ Թեհրանը դեռևս չի մեկնաբանել Խաթիբի մահվան տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment