Ադրբեջանից Իրան է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը

Քաղաքականություն

18.03.2026 | 16:28

Մարտի 18-ին Իրան է ուղարկվել մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա հետևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև 2026 թվականի մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցին։

Իրան ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է տարբեր պարենային ապրանքներ, դեղորայք և բժշկական պարագաներ, ընդհանուր առմամբ, 82 տոննա: Դրանցից 76 տոննան սնունդ է, 4 տոննան՝ դեղորայք և 2 տոննան՝ բժշկական պարագաներ:

Նշվում է, որ հաշվի առնելով, որ օգնությունն ուղարկվում է Նովրուզի տոնին ընդառաջ, բեռնատարները բեռնված են տոնական նվերներով և սնունդով։

Բաքվում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին մարդասիրական օգնության համար: Սա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է, որն Ադրբեջանն ուղարկում է Իրան, լրագրողներին ասել է դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն։

«Այս իրավիճակում Ադրբեջանն ուշադրություն է դարձրել Իրանին և օգնություն ցուցաբերել իր եղբայրներին ու քույրերին: Սա բխում է մեր ընդհանուր մշակույթից. մենք միմյանց օգնում ենք դժվարին ժամանակներում: Առջևում Ռամադանի և Նովրուզի տոներն են: Նման օրն օգնություն տրամադրելը դրական քայլ է»,- ասել է Դեմիրչիլուն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment