Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը, Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. Ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ հանդես եկող Աննա Հակոբյանը, որ հոկտեմբերի 1-ից հայտարարեց մարզեր այցելելու եւ այս թեմայով ստորագրահավաք անելու վերաբերյալ, մոբիլիզացրել է հանրապետության բուհերը։ Մի շարք բուհերի միջանցքներում մեծ պաստառներ են տեղադրվել՝ հետեւյալ գրառմամբ․ «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ եւ արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե՝ այո, խնդրում եմ ստորագրել»։ Երեկ տեղեկացանք, որ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունն է իրենց կայքում դիմել ուսանողությանը, որ միանան ստորագրահավաքին: Իսկ Ամերիկյան համալսարանում տեղադրվել է այդ պաստառը, կողքը սեղան դրվել: Սակայն ուսանողներից մեկը մեզ ասաց, որ ուսանողներն անտարբեր են այս նախաձեռնության նկատմամբ, հիմնականում կարդում, ժպտում եւ առաջ են անցնում։ Թե որքան ստորագրություն է հավաքվել այդ բուհում, մեզ պարզել չհաջողվեց։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելով չեն բավարարվել: Թեժ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչու են իրավապահ մարմինները, իրենց գնահատմամբ, չափազանց դանդաղ առաջ շարժվում, և սպասում են, թե երբ է այս պատմությունը հանգուցալուծվելու։

Հիշեցնենք՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած թեժ միջադեպին, հայտարարել էր, որ իր կարծիքով՝ այդ հարցի հետ կապված ինչ-որ մեկը պետք է նստի: Հիմա ՔՊ-ում հարց են բարձրացնում՝ այդ մարդը պետք է լինի Հայկ Սարգսյանը, բա հո Ալեն Սիմոնյանը չի «նստի»։

Եվ այս ֆոնին գլխավոր հարցը մնում է բաց․ ի՞նչ ընթացք կստանա Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված պատմությունը, և արդյո՞ք իրավապահները կձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն գործի հանգուցալուծմանը՝ տանելով նախկին ՔՊ-ականին կալանքի։

Հավելենք, որ այս պատմությունը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ծանր հետևանք է ունեցել Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի վրա, որը մինչև վերջ կարծել է, թե Փաշինյանն իր որդու հետ դաժան չի վարվի: Մինչդեռ Փաշինյանը նախ ազատեց իր երբեմնի վստահելի, հավատարիմ Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանին, ապա չեզոքացրեց նաև Հայկ Սարգսյանին, քանի որ նա օլիգարխ դառնալու հակումներ է ցուցաբերել»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

ՊԵԿ-ը հայտարարել է «Քո հարկը քոնն է» հանրային իրազեկման արշավի տենդեր՝ միջոցառման կազմակերպման, ինֆլյուենսերների ներգրավման եւ տեսաբովանդակության արտադրության համար։ Աճուրդի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 13-ին, գնման բյուջեն 24 մլն 90 հազար դրամ է։ Այն անցկացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գումարի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային ճաշ՝ 20 անձի համար։

Ճաշին մասնակցելու են ՊԵԿ նախագահը, 5 պաշտոնատար անձ եւ 14 ինֆլյուենսեր։ Այն տեւելու է 1.5-2 ժամ, որի ընթացքում բլոգերներին հանձնվելու են նաեւ նվերներ ու անվանաքարտեր, յուրաքանչյուրը 15,000-20,000 դրամ, կին մասնակիցներին՝ նաեւ ծաղկեփնջեր: Բլոգերները պարտավորվում են 3 օրվա ընթացքում առնվազն 30 վայրկյան տեւողությամբ ռիլ հրապարակել։ Բացի այս հանդիպումը, պետք է 5 ինֆլյուենսերների մասնակցությամբ առնվազն 40 վայրկյան տեւողությամբ 5 անհատական սցենարով ռիլեր պատրաստվեն։ Մեկ բլոգեր էլ «Բիզնեսը քայլ առ քայլ» ուսուցողական շարք պետք է պատրաստի՝ 10 ռիլից կազմված, յուրաքանչյուրը՝ սկսած 1 րոպեից։

Leave a comment