Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել


Ոստիկանության ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները: Զենք-զինամթերք ապօրինի պահելու հերթական դեպքն են գիշերային ծառայության ժամանակ բացահայտել մայրաքաղաքի պարեկները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


 


ՊԾ Երևան քաղաքի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 16-ի գիշերը՝ ժամը 1:25-ին, Հալաբյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու: Նրա անձանական խուզարկությամբ հայտնաբերվել է «Վալտեր» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:


 


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Leave a comment