Հայաստանում կանցկացվեն «Ադամովյան օրերը»

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 21-ից 24-ը Հայաստանում կանցկացվեն «Ադամովյան օրերը»:

Նախագծի շրջանակում տեղի կունենան գիտաժողով, թատերական ընթերցումներ, բանախոսություններ, Արթուր Ադամովի «Մարդը եւ երեխան» ինքնակենսագրական վեպի շնորհանդեսը:
Նախագիծը ներկայացնում են Saté-Âtre թատերական միությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի, Հայաստանի ազգային գրադարանի, «Ալեֆ» թատերական հրատարակչության, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ «Լոֆթ Վանաձորի» հետ:
Ֆրանսիական հետպատերազմյան թատրոնի կարեւորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արթուր Ադամովը, XX դարի դրամատուրգիայի նորարար հեղինակներից է, որի ստեղծագործությունը խորապես վերափոխեց թատերական գրականության լեզուն։ Սկզբնապես առավել կապված լինելով աբսուրդի թատրոնին՝ Բեքեթի եւ Իոնեսկոյի հետ նա դրեց աբսուրդի դրամայի հիմքերը՝ ստեղծելով ինքնատիպ դրամատուրգիա, որը միահյուսում է ներհայեցումը, հասարակական քննադատությունը եւ նոր արտահայտչաձեւերի փնտրտուքը։ Նրա թատրոնն անդրադառնում է անհանգստության, օտարման եւ իշխանության թեմաներին՝ բեմական տարածությունը դարձնելով նաեւ քաղաքական եւ պատմական խորհրդածությունների հարթակ։
Ադամովը ծնվել է հայկական ընտանիքում, եւ շատ հայերի նման նրա կյանքի վրա եւս արտագաղթը թողել է հավերժական դրոշմը։ Ադամովը մարմնավորում է նաեւ ֆրանսիական եւ հայկական մշակույթների խոր կապը։ 
Նախագծի ծրագիրը
Մարտի 21 | 16:00, Լոֆթ Վանաձոր
Ադամովը եւ իր թատրոնը․ Թատերական հանդիպումներ 
Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները կներկայացնեն Ադամովի պիեսների հատվածների թատերական ընթերցումներ։
Բանախոս՝ Սաթէ Խաչատրյան —  բանասիրական գիտությունների թեկնածու, բեմադրիչ, Արթուր Ադամովի պիեսների եւ «Մարդը եւ երեխան»  վեպի թարգմանիչ։
Մարտի 23 | 11:00,  Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Գիտաժողով
Արթուր Ադամով․ ինքնություն, աքսոր, թատերական արդիականություն
Գիտական հանդիպում՝ նվիրված Ադամովի ստեղծագործության գեղագիտական, պատմական եւ մշակութային վերլուծությանը։
Մարտի 24 | 15:00, Հայաստանի ազգային գրադարան
Արթուր Ադամովի «Մարդը եւ երեխան» գրքի շնորհանդեսը
Բանախոսներ՝
Սաթէ Խաչատրյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, գրքի թարգմանիչ
Արմեն Սարգսյան՝  գրքի խմբագիր
Արամ Ավետիս՝ արձակագիր, կինոգետ
Երվանդ Վարդանյան՝ արձակագիր

Leave a comment