Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ ովքեր մերժել են օգնել Վաշինգթոնին Հորմուզի նեղուցով լցանավերի և այլ առևտրային նավերի անցումը բացելու հարցում: Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ մեկի օգնության կարիքը չունի։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը խնդրել էր մի քանի երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներին, իրենց ռազմանավերը ուղարկել Հորմուզի նեղուց՝ այնտեղ անվտանգ նավարկություն ապահովելու համար։ Այս նավագնացության երթուղու փակումը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի։
Երեքշաբթի օրը Թրամփն իր TruthSocial սոցիալական ցանցում հրապարակել է երկար գրառում, որում նշել է, որ «մեր ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ չեն ցանկանում մասնակցել Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը»։
«Ես չեմ զարմանում նրանց գործողություններից, քանի որ ես միշտ ՆԱՏՕ-ին, որի համար մենք տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում այս երկրները պաշտպանելու համար, վերաբերվել եմ` որպես միակողմանի փողոցի. մենք կպաշտպանենք նրանց, բայց նրանք ոչինչ չեն անի մեզ համար, հատկապես մեր կարիքի ժամանակ», – գրել է Թրամփը։
Նա կրկնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ոչնչացրել են իրանական բանակը, նավատորմը և օդուժը և սպանել են իրանցի առաջնորդներին «գրեթե բոլոր մակարդակներում»։ Հետևաբար, ըստ Թրամփի, ԱՄՆ-ն այլևս կարիք չունի ՆԱՏՕ-ի երկրների օգնությանը։ «ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՈՉՆՉԻ ԿԱՐԻՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ։ Նույնը վերաբերում է Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային։ […] ՄԵՆՔ ՈՉ ՄԵԿԻՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ ՉԵՆՔ», – հավելել է ամերիկացի առաջնորդը։