Ինչի համար փորձում ենք մեր ձայնը բարձրացնել՝ ավելի վեհ է, քան ցանկացած թիրախավորում. Տեր Շմավոնը՝ Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին

Ինչի համար փորձում ենք մեր ձայնը բարձրացնել՝ ավելի վեհ է, քան ցանկացած թիրախավորում. Տեր Շմավոնը՝ Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Ես իմ առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին անվերապահորեն վստահում եմ, առաջնորդի այս ամենին արդարության ձայն բարձրացնելն առիթ հանդիսացավ, որ ես իմ առաջնորդի կողքին լինեմ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Եկեղեցու բարենորոգմանը միացած Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հայր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Տեր Շմավոնի խոսքով՝ քաղաքականությունչի սիրում, սակայն ժամանակին շատ ցույցերի է մասնակցել. «Պատերազմից հետո մասնակցել եմընդդիմադիրների կողմից կազմակերպված ցույցերին, նաև Սրբազան պայքարին, սակայն այս ընթացքում բավականին շատ մտերիմ հարազատներ կորցրեցի, որոնք ինձ մեղադրում էին, որ քաղաքականացվել եմ, մի բան, որը չպետք է տեղի ունենա որևիցե մի հոգևորականիև առավել ևս Եկեղեցու կողմից: Երբ նրանք ինձնիցև իմ Եկեղեցուց հեռացան, դա ինձ համար ազդակ էր, և ես դադարեցի որևէ կերպ և՛ ցույցերին մասնակցել, և՛ նաև սոց. ցանցերում ակտիվություն ցուցաբերել»:

Քահանան նշեց, որ հիմա էլ հակառակ կողմի մեղադրանքներն են գալիս, բայց այլևս իր համար միևնույնն է. «Այստեղ իմ անձի խնդիրը չէ, այլ ընդհանուր Եկեղեցու կարգավիճակն է, որն այսօր բացահայտ է, որ քաղաքականցվել է և ամենակարևորը՝ Եկեղեցին ներքին կարգապահական շատ վերափոխումների կարիք ունի, որը ինձ նույնպես հուզում է որպես հոգևորական, սա է պատճառը, որ ես որոշեցի իմ աջակցությունը հայտնել իմ առաջնորդին: Երբ բացեք իմ էջը, կտեսնեք սարսափելի թիրախավորումներ, պիտակավորումներ՝ ամեն ինչից սկսած և ամեն ինչով վերջացրած, բայց այնուամենայնիվ, եթե իմ անձին ժամանակին թիրախավորում էին և ես նեղվում էի, հիմա փորձում եմ ավելի սթափ գիտակցել, որովհետև այն ամենը, ինչի համար փորձում ենք մեր ձայնը բարձրացնել՝ ավելի վեհ է, քան ցանկացած թիրախավորում»:

Տեր Շմավոնի կարծիքով՝ այս փուլն էլ կանցնի և չպետք է թույլատրվի, որ այս ճգնաժամն ավելի խորանա. «Թող որևէ մեկը չհավակնի իրեն ավելի քրիստոնյա, կամ Եկեղեցուն ավելի սիրող մեկը ցույց տալ, քան 40-ից ավել տարիներ այս ասպարեզում ծառայած եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները, ես էլ մոտ 23 տարի այս ասպարեզում եմ՝ որպես քահանա»:

Անդրադառնալով մյուս հոգևորականների վերաբերմունքինիր որոշմանը՝ Տեր Շմավոնն ասաց. «Չէի ասի թշնամանքով է ընդունվել, ոմանք պարզապես ասում են՝ դու մեր ընկերն ես և շարունակում ես մեր ընկերը մնալ, ոմանք տարակուսում են, ինչպես ես, իմ տեսակի մեջ լինելով, իրենց ասելով՝ հարել եմ քաղաքական այս ուժին, բայց ես որևիցե մի քաղաքական ուժի չեմ հարի: Աստված յուրաքանչյուրին թող ողորմություն անի և պարգևի ըստ իր կատարած բարի և չար գործերի: Ես նույնն եմ մնացել մնացյալի նկատմամբ, մեջս չունեմ ատելություն որևէ անձի նկատմամբ, հոգևորականին սազական էլ չէ ատելություն ունենալ»:

Հրապարակավ հոյհոյանք, լուտանք և պարսավանք ընդունելըքաջություն է՝ նշեց քահանան և հավելեց. «Ես չեմ ուզում ասել, որ ես քաջ եմ, որոշում ընդունելը բավական լուրջ խնդիր է, սա բավականին ծանրագույն ընդունած որոշումներիցս մեկն է, որը երկար մտածելու տեղիք է տվել: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ բոլոր հոգևորականների հետ, ում հետ ծառայել եմ, ես այդ պառակտումը չեմ մտցրել: Պառակտումը մարդն իր սրտում և մտքում է առաջացնում իր ցանկությամբ և դա վերածվում է ֆիզիկական պառակտման: Վերջիվերջո այս խնդիրը կհանգուցալուծվի, մենք ծառայություն ենք մատուցելու ու կյանք ունենք ապրելու, ինչպես ենք իրար աչքերի մեջ նայելու: Ինձ համար որևիցե թշնամանք չի կարող լինել: Հոգևորականները մի քանի օրվա ընթացքում հերթով միացան բարենորոգմանը, սկիզբն ինչ-որ մեկը լինում է, մնացածներն անալիզ են անում իրենց անձի ներսում, թե արդյոք արժե: Ես չեմ ուզում որևէ մեկին դատել, յուրաքանյուր ոք շարժվում է իր խղճի ձայնի համաձայն»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի հրաժարականի հավանականությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Մենք այդ հույսով լցված ենք: Ինչպես Ասվածաշնչում գրված է՝ Աստված փափկեցրեց փարավոնի սիրտը և նա բաց թողեց Եգիպտոսի գերությունից հրեա ժողովրդին, ես նույնպես մտածում եմ, որ Աստված կփափկեցնի կարծր սիրտն ու մտածելակերպը և Վեհափառ Հայրապետն այնուամենայնիվ կանսա այս ամենին և հրաժարականի այն առաջարկը, որ տվել են եպիսկոպոսները՝ տեղի կունենա, հակառակ դեպքում գնալով ավելի կխորանա այս ճգնաժամը, վիճակը շատ-շատ ավելի ծանր կլինի և այստեղ տուժողը կլինի ոչ միայն Եկեղեցին, այլև հայ ժողովուրդը»:

Տեր Շմավոնը նկատեց, որ աշխարհիկ մարդկանցից շատ շատերը, եթե ոչ մեծամասնությունը չգիտի Եկեղեցու ներսի խնդիրները. «Կարևոր չէ՝ քանի հոգևորական կմիանա, թեպետ դա որոշակի նշանակություն կունենա: Այդ խնդիրները, որոնք տարիներ շարունակ ծառացել են և լուծում չեն ստացել դրանց լուծումն է, որ մենք ուզում ենք տեղի ունենա, որը մեր ծառայությունն ավելի արդյունավետ պետք է դարձնի: Այս բարենորոգումը թող որևէ մեկը չփորձի դիտարկել դավանաբանական հենքի վրա, նման բան չկա: Բարենորոգումը մեկ օրվա կամ մեկ ամսվա բան չէ, դա երկար ժամանակ է տևելու, բայց որ անհրաժեշտությունը կա՝ միանշանակ»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք բախումներ հնարավոր են՝ նա նշեց. «Անհնար է, որ հոգևորակններից որևէ մեկը, ովքեր այս ծրագրի իրագործողներն են, թույլ տան կամ տանեն բախման: Բախում կարող է առաջանալ զուտ մարդկային ճամբարների միջև, որոնք այս բարենորոգման ընթացքը փորձում են այլ կերպ մեկնաբանել: Որպեսզի այդ ամենից խուսափենք, պետք չէ թեժացնել որևիցե մի բան, պետք չէ այս վիճակն օգտագործել դիվիդենտ հավաքելու համար, յուրաքանչյուր ոք պետք է այս ամենն իր խղճի ներքո ընդունի: Եթե նման վտանգ լինի, ես և Մայր Աթոռի մյուս հոգևորականները վստահաբար կողք կողքի կանգնելու ենք, որպեսզի այդ բախումը տեղի չունենա»:

Ամփոփելով քահանան ասաց. «Յուրաքանչյուր Եկեղեցի միշտ պետք է իր կապը պահի պետության և իշխող ուժի հետ: Անհնար է ազգային Եկեղեցու գործունեությունը պետության մեջ առանց պետության հետ հաշվի նստելու և պետության հետ համագործակցելու: Եկեղեցին ապաքաղաքական կառույց է և այդպիսին պիտի մնա և պետք է համագործակցի ի շահ ազգի և Եկեղեցու բարենորոգման»:

Leave a comment