Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին. Մակրոն

Քաղաքականություն

17.03.2026 | 20:55

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին, և որ Ֆրանսիան շարունակում է աշխատանքները կոալիցիա ձևավորելու ուղղությամբ, որը կարող է ապահովել նավարկության ազատություն ռազմական գործողությունների ավարտից հետո, գրում France 24-ը։

«Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու կամ ազատագրելու գործողություններին ներկայիս համատեքստում։ Մենք համոզված ենք, որ երբ իրավիճակը հանդարտվի, և ես միտումնավոր եմ այս եզրույթն օգտագործում լայն իմաստով․․․ երբ իրավիճակը հանդարտվի, երբ հիմնական ռմբակոծությունները դադարեն, մենք պատրաստ կլինենք, մյուս երկրների հետ միասին, պատասխանատվություն կրել ուղեկցման համակարգի համար»,- հավելել է Մակրոնը։

Նշվում է, որ Ֆրանսիան վերջին շաբաթվա ընթացքում արդեն խորհրդակցություններ է անցկացրել եվրոպական, ասիական, այդ թվում՝ Հնդկաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների հետ՝ նեղուցով լցանավեր և առևտրային նավեր ուղեկցելու համար ռազմանավերի ծրագիր մշակելու նպատակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել երկրներին օգնել նեղուցի վերահսկողության հարցում՝ այն բանից հետո, երբ Իրանը պատասխանել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ականներ՝ արդյունավետորեն փակելով նեղուցը լցանավերի համար, որոնք սովորաբար տեղափոխում են համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի մեկ հինգերորդ մասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment