Ներկայանում ենք The Parliament պարբերականու հրապարակված EU enlargement chief cautions against Russian interference in Armenia հոդվածի հայերեն թարգմանությունը:
Եվրամիությունը «պետք է կանխատեսի» Ռուսաստանի էական մասնակցությունը Հայաստանում ամառը կայանալիք պառլամենտական ընտրություններում եւ պատրաստ լինի ավելին անել՝ օգնելու Երեւանին դիմակայել հիբրիդային միջամտությանը, ասել է Եվրոպական հանձնաժողովի անդամ Մարթա Կոսը:
The Parliament-ին տված բացառիկ հարցազրույցում ԵՄ ընդլայնման ծրագիրը վերահսկող հանձնակատար Կոսն ասել է, որ ռուսական միջամտությունը Հայաստանում «արդեն իսկ տեղի է ունենում»:
«Մենք Մոլդովայի օրինակով տեսանք, որ Ռուսաստանը պատրաստ էր հարյուր միլիոնավոր եվրո ծախսել՝ մոլդովացիներին եվրոպական ուղուց շեղելու համար: Այս անգամ ես նույնիսկ ավելի կողմ եմ, որ Եվրամիությունը օգնի նման ճնշման ենթարկվող երկրներին», – ասել է նա:
Կոսը, որը մարտի 19-ին Երեւան կայցելի, հայտարարել է, որ ԵՄ-ը կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու հնարավոր ռուսական կիբերհարձակումներին, որոնք կարող են խաթարել ընտրությունները, ինչպես նաեւ կօգնի ապատեղեկատվության բացահայտման հարցերում:
Հանձնաժողովի ներկայացուցիչը ասել է, որ Ռուսաստանը սովորաբար հիմնվում է երեք հիմնական պատումների վրա՝ նախկին խորհրդային պետություններում ազդեցություն ձեռք բերելու համար:
«Առաջինը կապված է անվտանգության հետ», – ասել է նա՝ նշելով, որ Մոսկվան առաջ է քաշում այն գաղափարը, որ, ինչպես Ուկրաինայի դեպքում, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը երկիրը պակաս անվտանգ է դարձնում:
«Երկրորդը տնտեսական է. եթե ընդունեք եվրոպական օգնությունը, Եվրոպայից կախված կդառնաք», – ավելացրել է նա:
Երրորդը կենտրոնանում է ինքնության վրա՝ առաջ քաշելով թեզը, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կխաթարի Հայաստանի ազգային ինքնությունը: Կոսի խոսքերով՝ սա «իսկապես այլասերված» է, հաշվի առնելով, որ ԵՄ-ի «Միասնություն բազմազանության մեջ» կարգախոսը հենց հակառակի մասին է:
Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է, որ Կրեմլի կողմից ֆինանսավորվող ռուսական ուղղափառ հոգեւորականության ներկայացուցիչներն ակտիվորեն փորձում են խաթարել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը՝ կեղծ պատումներ տարածելով:
Կոսը պնդում է, որ ԵՄ-Հայաստան կապերը երբեք այսքան ամուր չեն եղել:
«Մեզ համար Հայաստանը Արեւելքում ամենահուսալի գործընկերներից մեկն է», – հայտարարել է հանձնակատարը:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: