Բաքուն հայտարարում է, թե Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան և նրա աշխատակազմի Ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են այն հաստատություն, որտեղ պահվում են այ գերիները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը։ Օմբուդսմենի գրասենյակն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, թե նրանց լիովին երաշխավորվել է պաշտպանության իրավունքը քննության և դատավարության բոլոր փուլերում: Նրանց տրամադրվել են փաստաբաններ, ապահովվել է իրենց պաշտպանությունը նախապատրաստելու և դատական ​​նիստերին մասնակցելու հնարավորություն՝ համաձայն իրավական պահանջների և միջազգային չափանիշների։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, իբր, ներկա են եղել դատավարություններին և անմիջականորեն հետևել իրավունքների պաշտպանությանը։ Ավելին, «Մարդու իրավունքների պաշտպանը և Ազգային կանխարգելիչ խմբի անդամները մի քանի գաղտնի հանդիպումներ են ունեցել հայկական ծագում ունեցող մեղադրյալների, այդ թվում՝ Վարդանյանի հետ, պարբերաբար հետևել են նրանց կալանքի պայմաններին և նրանց նկատմամբ վերաբերմունքին», պնդում է օմբուդսմենի գրասենյակը։

Նշվում է նաև, թե այցելությունների ընթացքում հայ գերիներին մայրենի լեզվով տեղեկացրել են իրենց իրավունքների մասին, խմբի անդամ բժիշկը ստուգել է նրանց առողջական վիճակը, նրանց տրամադրվել են տպագիր նյութեր և տեղական օրենսդրությանն առնչվող տեքստեր մայրենի լեզվով։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ հարցված և բժշկական զննում անցած անձինք, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, նշել են, թե «իրենց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք են ցուցաբերել, խտրականության կամ վատ վերաբերմունքի չեն արժանացել, նրանց տրամադրվել է բժշկական օգնություն, ապահովվել են համապատասխան կենսապայմաններ»։

Հաղորդվում է նաև, թե Վարդանյանի և նրա փաստաբանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմումները քննարկվել և ստացել են  պատասխաններ օմբուդսմենի լիազորությունների շրջանակում:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նրան թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment