Գոմում և նկուղում ավելի քան 12 կգ կանեփանման զանգված է հայտնաբերվել (ՖՈՏՈ)

68–ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոցն  ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց, հայտնում են ՆԳ ոստիկանությունից։


«Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նույն օրը տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին», – նշված է հաղորդագրության մեջ։ 


Նշվում է, որ զննությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված․ գոմում՝ մոտ 5 կգ 900 գ չորացված, իսկ նկուղում և խորդանոցում՝ մոտ 6 կգ 300 գ չորացված ու մանրացված զանգվածներ։ 


Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել։ 


Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Leave a comment