Եվրոպական առաջնորդները զգուշացրել են Իսրայելին՝ Լիբանան ցամաքային ներխուժումը պետք է կանխվի

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հայտարարել են, որ Իսրայելը պետք է խուսափի Լիբանան ցամաքային ներխուժումից, այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ վերսկսեց իր պատերազմը երկրի հարավում, գրում է Middle East Eye-ը։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «խորապես մտահոգված են» բոլոր կողմերի հարձակումներով և պահանջում են  վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Իսրայելի նշանակալի ցամաքային հարձակումը կունենա ավերիչ մարդասիրական հետևանքներ և կարող է հանգեցնել երկարատև հակամարտության։ Այն պետք է կանխվի։ Լիբանանում մարդասիրական իրավիճակը, այդ թվում՝ շարունակվող զանգվածային տեղահանությունները, արդեն իսկ խորապես մտահոգիչ են»,- զգուշացրել են առաջնորդները։

Երկուշաբթիի դրությամբ՝ Լիբանանում մեկ միլիոն մարդ տեղահանվել է հարձակումների վերջին ալիքի պատճառով, հայտնել է երկրի աղետների և ռիսկերի կառավարման վարչությունը։ Մինչ օրս զոհվել է առնվազն 886 լիբանանցի, ևս 2141-ը վիրավորվել է։

«Հըզբոլլահ»-ն Իսրայելի ուղղությամբ հրթիռներ է արձակել այն բանից կարճ ժամանակ անց, երբ Իսրայելն ԱՄՆ-ի հետ փետրվարի 28-ին պատերազմ է սկսել Իրանի դեմ։

2024 թվականի նոյեմբերին Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև կնքված զինադադարն Իսրայելի կողմից արդեն հարյուրավոր անգամներ խախտվել էր։ Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է միայն զենքի պահեստները և «Հըզբոլլահ»-ի պաշտոնյաներին, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում։

Երկուշաբթի օրվա համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են «քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակումները»՝ դրանք անվանելով «անընդունելի»։

«Մենք դատապարտում ենք քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների, առողջապահության աշխատողների և ենթակառուցվածքների, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դեմ ուղղված հարձակումները։ Այս գործողություններն անընդունելի են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գործել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ««Հըզբոլլահ»-ի հարձակումներն Իսրայելի վրա և քաղաքացիական բնակչության թիրախավորումը պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն»։ Նրանք  դատապարտում են ««Հըզբոլլահ»-ի որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, որն ավելի է վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»։

Առաջնորդները կոչ են անում Լիբանանի կառավարությանը զինաթափել խմբավորումը և արգելել նրա ռազմական գործունեությունը։

Այնուամենայնիվ, «Հըզբոլլահ»-ը պնդում է, որ չի կարող զինաթափվել, քանի դեռ Իսրայելը սպառնալիք է ներկայացնում իր հարավային սահմանի երկայնքով։ Այն նաև տասնամյակներ շարունակ ապացուցել է, որ շատ ավելի ամուր մարտական ​​ուժ է, քան բանակը՝ շնորհիվ Իրանի երկարատև աջակցության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment