Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված տեսանյութը ցույց է տալիս, որ նույն փողոցում այդ գծանշումներն արդեն առկա էին։ Սա նշանակում է, որ քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկությունը չի համընկնում փաստացի իրականության հետ։

Ինչպե՞ս սկսվեց պատմությունը

Երևանում փողոցների միջին նորոգումից հետո սովորաբար շաբաթներ շարունակ գծանշումներ չէն իրականացվում, և այդ պատճառով Երևանի քաղաքապետարան ուղարկված հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ինչ ժամկետներ կամ ստանդարտներ կան ասֆալտապատումից հետո գծանշում իրականացնելու համար։ Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ սովորաբար ասֆալտապատման աշխատանքներից հետո գծանշումներն իրականացվում են 15-20 օր հետո՝  գծանշման տեսակից կախված, քանի որ այդ ընթացքում ասֆալտը լիարժեքորեն պնդանում է և նստում։ 

«Այդ գործընթացի ժամանակ ասֆալտի մակերեսը կարող է փոքր-ինչ փոփոխվել կամ ճկվել, ինչը կարող է ազդել գծանշումների որակի և դիմացկունության վրա՝ եթե դրանք արվեն անմիջապես ասֆալտապատումից հետո։ Նշված ժամկետի պահպանումը նպաստում է, որ ապահովվի գծանշումների առավել երկարաժամկետ պահպանությունը»,- նշել էին քաղաքապետարանից։

Արտապատկերումը՝ քաղաքապետարանի պատասխանից:

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, Հրաչյա Քոչար փողոցի օրինակով արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված ժամկետը չի պահպանվել, երբ դա վերաբերվում է վճարովի կայանատեղիների գծանշումներին։ Այսինքն մեքենան կայանելու համար քաղաքացիներից գումար գանձելը, ըստ երևույթին, ավելի առաջնահերթ է եղել Երևանի քաղաքապետարանի համար, քան մարդկանց անվտանգությունն ապահովող հիմնական գծանշումներ ունենալը։  

Քաղաքապետարանի պատասխանը և իրականությունը

Երևանի քաղաքապետարան ուղարկված մեր գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե երբ են կատարվել Հրաչյա Քոչար փողոցի միջին նորոգման և գծանշման աշխատանքները։ Այնտեղից պատասխանել են, որ փողոցի միջին նորոգման աշխատանքներն ընդունվել են 2025 թվականի սեպտեմբերի 25-ին, վճարովի ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ը։ Իսկ ճանապարհային երթևեկության կարգավորման համար անհրաժեշտ հիմնական գծանշումներն արվել են նորոգման աշխատանքների ավարտից գրեթե մեկ ամիս անց։   

Սակայն  սոցիալական ցանցերում փոքր ինչ որոնում կատարելիս կարող ենք հանդիպել բազմաթիվ հրապարակումների, որոնք ապացուցում են քաղաքապետարանի կողմից մեզ տրված պատասխանի սուտ լինելը։

Օրինակ՝ ֆեյսբուքյան խմբերից մեկում օգտատերերից մեկի՝ Արամ Հովհաննիսյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ նույն փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կան։ Տեսանյութն արվել է 2025 թվականի հոկտեմբերի 8-ին։

Ստացվում է՝ ավտոկայանատեղիների կապույտ գծանշումների պարագայում Երևանի քաղաքապետարանի մատնանշած 15-20 օր ժամկետները չեն պահպանվել, և տեսանյութն էլ վկայում է, որ դրանք արվել են ավելի շուտ, քան գրությամբ տեղեկացրել էր քաղաքապետարանը։  

 

Ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները Քոչարի փողոցում իրականացվել են շատ ավելի վաղ, քան քաղաքապետարանը տեղեկացրել էր իր պաշտոնական պատասխանի մեջ։

Հիմնական գծանշումներն արվել են ավելի ուշ

Հրաչյա Քոչարի փողոցում միջին նորոգման աշխատանքներից հետո երթևեկության համար կարևոր հիմնական գծանշումները, ինչպես երևում է տեսանյութից, արվել են ավելի ուշ, քան կայանատեղիների կապույտ գծանշումները։ 

Ավելին, դրանք նույնիսկ հոկտեմբերի 16-ին արված չեն եղել, քանի որ ֆեյսբուք սոցիալական ցանցում կրկին կարող ենք հանդիպել օգտատերերի գրառումների․ որտեղ դժգոհում են գծանշումների բացակայությունից։

Արտապատկերումը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումից:

Գծանշման ժամկետների մասին մեր հարցին, քաղաքապետարանից պատասխանել են, որ հետիոտնային անցումների սառը պլաստիկով գծանշումները և էմալային ներկով գծանշումներն իրականացվել են 2025 թվականի հոկտեմբեր ամսվա 3-րդ տասնօրյակում, այսինքն՝ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներն ավարտելուց ու այն հանձնելուց գրեթե մեկ ամիս անց:

Գծանշումների որակը հարցեր է առաջացնում

FIP.am-ը օրերս Հրաչյա Քոչար փողոցի գծանշումների որակն ուսումնասիրելիս արձանագրեց, որ հոկտեմբերի վերջին տասնօրյակում կատարված ճանապարհային գծանշումները գրեթե ամբողջությամբ ջնջվել են։ Օրինակ՝ հանդիպակաց գոտիներն իրարից բաժանող հոծ գծանշումները հազիվ նկատելի են միայն փողոցի սկզբնամասում, իսկ դրանից մի քանի մետր այն կողմ արդեն դառնում են գրեթե անտեսանելի, կամ ամբողջությամբ ջնջվել են։ 

Այս հանգամանքը ուշագրավ է նաև այն պատճառով, որ Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի հուլիսին կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ միջին նորոգում ունեցած փողոցներում պետք է կիրառվեն թերմոպլաստիկ գծանշումներ։ «Պետք է նոր որակի գծանշումներ ունենանք»,- ասել էր քաղաքապետը։ 

Նախապատվությունը տրվում է թերմոպլաստիկ նյութերին, քանի որ դրանք կիրառվում են հաստ շերտով ու սովորաբար ավելի երկար են պահպանվում։ 

Ու թեպետ Քոչարի փողոցում նույնպես միջին նորոգում է կատարվել, ու ինչպես Ավինյանն է ասում «նոր որակի գծանշում» պետք է լիներ, այդուհանդերձ, այս փողոցում գծանշումներն հազիվ են երևում դրանք անելուց ընդամենը մի քանի ամիս անց։ Դրանց որակի վերաբերյալ հարցեր են առաջացնում՝ հաշվի առնելով, որ նման աշխատանքների համար քաղաքային բյուջեից ծախսվել են հարյուր միլիոնավոր դրամներ։ Միաժամանակ, այս պատմության մեջ ուշագրավ է այն, որ ամենասկզբում արվել են ավտոկայանատեղիների կապույտ գծանշումներ, սակայն երթևեկության անվտանգության համար կարևոր հիմնական գծանշումները կատարվել են ավելի ուշ։ Մինչդեռ դրանք անմիջականորեն առնչվում են ճանապարհային անվտանգությանն ու մարդկանց կյանքերին։

Խոշոր գումարներ՝ գծանշումների համար 

Քաղաքային գնումների պայմանագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ

  • 2025 թվականին սառը և թերմոպլաստիկով գծանշումների ծառայությունն իրականացրել է «Կիր Քար» ՍՊԸ-ն։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 140 մլն դրամ։
  • Էմալային ներկով գծանշումները Երևանում իրականացրել է «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերությունը, որի հետ պայմանագրի արժեքը կազմել է մոտ 335 մլն դրամ։

Այսպիսով, Հրաչյա Քոչար փողոցի օրինակը ցույց է տալիս երեք կարևոր հանգամանք․ 

Նախ՝ FIP.am-ին Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալները կապույտ գծանշումների ժամկետների մասին չեն համընկնում փաստացի տվյալների հետ․ հոկտեմբերի 8-ին արված տեսանյութում դրանք արդեն կան, մինչդեռ Երևանի քաղաքապետարանն ասում է, որ դրանք արվել են հոկտեմբերի 15-20-ը։ 

Այս դեպքը ցույց է տալիս նաև գծանշումների հարցում քաղաքապետարանի իրական առաջնահերթությունները․ փողոցում նախ վճարովի կայանատեղիների համար նախատեսված կապույտ գծանշումներն են արվել, որոշ ժամանակ հետո միայն կատարվել են հիմնական գծանշումները։ Դրանք, նկատենք, անմիջականորեն առնչվում են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու մարդկանց կյանքերին։

Ընդամենը մի քանի ամիս անց ճանապարհային գծանշումների զգալի մասը գրեթե ամբողջությամբ անհետացած է, և սա այն դեպքում, երբ համայնքի բյուջեից միլիոնավոր գումարներ են հատկացվում այդ նպատակի համար։

Հասմիկ Համբարձումյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

The post Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները appeared first on FIP.AM.

Leave a comment