«Սաղ արած-դրած է». Արսենյանների «ժառանգական» հավատարմությունը և Փաշինյանի կասկածամտությունը
Վայոց ձորում ժամանակը կանգ է առել, կամ գոնե այդպես են կարծում Արսենյանները։ Մարզում իշխանություններ են փոխվում, վարչապետեր են գալիս ու գնում, բայց «Ջերմուկի գրուպի» տիրակալների հավատարմության երդումները մնում են անփոփոխ՝ ուղղված օրվա իշխանավորի ականջին։
Հավատարմության էստաֆետ. Հայրը՝ Սերժին, որդին՝ Նիկոլին
Եթե ժամանակին Աշոտ Արսենյանն էր ՀՀԿ-ի «տասովշիկն» ու Սերժ Սարգսյանի հավատարիմ պատգամավորը, ապա այսօր էստաֆետը փոխանցվել է որդուն։ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ըստ օդում կախված լուրերի, Փաշինյանի առաջ փորձել է ցուցադրել իր «տիրապետման» սահմանները։
«Սաղ արած-դրած ա, մարզում խնդիր չենք ունենա, ոչ մի ուժ էստեղ իրեն լավ չի զգալու»,- վստահեցրել է կրտսեր Արսենյանը։
Սա պարզապես քաղաքական խոստում չէ։ Սա քաղաքական առևտուր է, որտեղ մարզի բնակչի քվեն դիտվում է որպես սեփական պաշտոնի և բիզնես կայսրության անվտանգության երաշխիք։
Փաշինյանի սառը ցնցուղը
Սակայն, ի տարբերություն նախկինների, ովքեր հավատում էին նմանատիպ «ֆեոդալական» երաշխիքներին, Փաշինյանի արձագանքը եղել է ավելի քան սարկաստիկ ու զգուշավոր.
«Օրը գա, աչքս տեսնի»։
Այս կարճ նախադասության մեջ ամփոփված է ողջ ճշմարտությունը։ Վարչապետը, թերևս, լավ է հասկանում՝ նա, ով երեկ նույն ջերմեռանդությամբ «սաղ անում-դնում էր» նախկինների համար, վաղը նույն հեշտությամբ կարող է «դնել» նաև ներկաներին, եթե քամին փոխվի։
Պաշտոնը՝ որպես բիզնես-ապահովագրություն
Հարցն այստեղ միայն ընտրությունները չեն։ Հարցն այն է, թե ինչի՞ է պատրաստ մարդը հանուն պաշտոնի։
• Արժեքնե՞ր. Ոչ, պարզապես հարմարվողականություն։
• Սկզբունքնե՞ր. Ոչ, պարզապես կապիտալի պահպանում։
Արսենյանների համար մարզպետի աթոռը ոչ թե պետական ծառայություն է, այլ բիզնես-վահան։ Իսկ «սաղ արած-դրած ա» արտահայտությունը լավագույնս բնորոշում է նրանց քաղաքական մտածողությունը. մարդիկ նրանց համար ընդամենը թվեր են, իսկ մարզը՝ սեփական տիրույթ։
Մնում է սպասել «այդ օրվան», տեսնելու համար՝ արդյո՞ք Արսենյանների «դրածն» այս անգամ էլ կաշխատի, թե՞ քաղաքական հաշվարկը վերջապես կպայթի հենց իրենց ձեռքում։
Մարգարիտա Դավթյան
Meganews.am