Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, որովհետև օդի օրական միջին ջերմաստիճանը +5 աստիճանից բարձր է, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա 3 օրերին հարավ–արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա ևս 4–ից 6 աստիճանով և լեռնային մարզերում ցերեկը կունենանք մինչև +10, նախալեռնային հատվածներում` մինչև +15, իսկ հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև +17․․․+18 աստիճանի», – հայտնել է Սուրենյանը։
Նա նշել է, որ մինչև մարտի 19–ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 20–ից Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Լեռնային մարզերում կտեղա թաց ձյուն, հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անձրև։