ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական և իրանական ընկերությունների նկատմամբ՝ կիբերհարձակումների համար

Քաղաքականություն

16.03.2026 | 23:18

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանում գործող երկու և իրանական մեկ ընկերության նկատմամբ՝ ԵՄ անդամ պետությունների դեմ կիբերհարձակումների համար, գրում է Reuters-ը։

ԵՄ-ն ցուցակում ներառել է չինական Integrity Technology Group-ը և Anxun Information Technology-ն, ինչպես նաև իրանական Emennet Pasargad ընկերությունը։ ԵՄ հայտարարության համաձայն՝ ենթադրվում է, որ Integrity Technology-ն նպաստել է ԵՄ անդամ վեց պետություններում ավելի քան 65,000 սարքերի կոտրմանը։

ԵՄ-ի տվյալներով՝ Anxun-ը, ենթադրաբար, տրամադրել է կարևորագույն ենթակառուցվածքների դեմ ուղղված հաքերային ծառայություններ։ Anxun-ի երկու համահիմնադիրներ նույնպես անհատապես ընդգրկվել են ԵՄ-ի կողմից կիբերհարձակումներին մասնակցելու համար։

Ենթադրվում է, որ Emennet-ը վնասել է գովազդային վահանակները՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ապատեղեկատվություն տարածելու համար։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և անհատների համար ճանապարհորդության արգելք։ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին նաև արգելվում է միջոցներ տրամադրել ներգրավված ընկերությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment