Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական կապեր ունենալու մասին

Քաղաքականություն

16.03.2026 | 16:20

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՀՀ նախագահի կողմից առաջադրվել է ՍԴ դատավորի պաշտոնում։ Նրան ընտրելու է Ազգային ժողովը։ Սա հիշեցնում է այն դրվագը, երբ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք մեկ այլ կուսակցական՝ Հրայր Թովմասյանը, վայր դրեց կուսակցական անդամատոմսն ու դարձավ ՍԴ դատավոր, ապա բարձր դատարանի նախագահ։

Factor.am-ն այս առնչությամբ փորձեց հարցեր ուղղել ՔՊ-ից դուրս գալու մասին հայտարարած Վլադիմիր Վարդանյանին՝ արդյո՞ք իր անաչառությունը կասկածի տակ չի դրվի։

«Քանի որ ես անցումային կարգավիճակում եմ, ամենայն հարգանքով, բայց որևէ բան չմեկնաբանեմ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Factor.am-ին հասած տեղեկություններով՝ Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը քավոր-սանիկական կապեր ունեն։ Փորձեցինք ճշտել այս տեղեկության իսկությունը և մեկնաբանություն խնդրել՝ արդյո՞ք ընտրվելու դեպքում սա կաշկանդող հանգամանք չի լինելու։

«Չե՛մ պատասխանի, անցումային կարգավիճակում եմ»,- կրկնեց նա։

Մեր դիտարկմանը, որ չի հերքում քավոր-սանիկական կապերի մասին տեղեկությունը, Վարդանյանն ասաց․ «Ես պարոն Դիլանյանին ճանաչում եմ բավականին երկար, բայց, խնդրում եմ, այս փուլում մեկնաբանություն չեմ տալիս»։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Leave a comment