Ամուսինները հարկադրել են քաղաքացուն անդամակցել «Մեր ձևով» կուսակցությանը, ապա հունիսի 7-ին քվեարկել նրանց թեկնածուի օգտին, հակառակ դեպքում սպառնացել են բնակարանը պայթեցնել․ ՔԿ

Հասարակություն

16.03.2026 | 16:54

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է քրեական վարույթ, ըստ որի՝ ամուսիններ Վ.Կ.-ն և Վ.Դ.-ն, բռնություն և բնակարանը պայթեցնելու սպառնալիքով, փորձել են ստիպել մի քաղաքացու անդամագրվել «Մեր ձևով» կուսակցությանը և առաջիկա ընտրություններում քվեարկել իրենց թեկնածուի օգտին։ Ամուսնու նկատմամբ կալանք է կիրառվել, կնոջ նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական դիտավորությամբ, հիշյալ տան բակում՝ աստիճանների վրա առաջացած խոսակցության ժամանակ, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող «Մեր ձևով» կուսակցության գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ առաջիկա՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրել իրենց թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:

Վ.Կ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է  հաղորդագրությունում։

Leave a comment