«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը փետրվարի 23-ին Գյումրի կատարած այցից հետո հայտարարել էր․ «․․․Խոսացեք, որ Գյումրիում 2000 անտուն մարդ կա, կարո՞ղ է այդ հարցը քննարկենք։ Այս իշխանությունները 8 տարվա ընթացքում մի տուն գյումրեցիներին չեն տվել, մի տուն․․․»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունը՝ պարզելու այս պնդումների ճշգրտությունը։
Քանի՞ անօթևան կա Գյումրիում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ), ի պատասխան մեր հարցման, տեղեկացրել են, որ պետական ծրագրերի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրները նախկինում լուծվել են կառավարության առանձին որոշումներով։
Միաժամանակ, ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի տրամադրած տվյալների՝ ներկայումս առկա է շուրջ 1000 ընտանիք, որոնք ունեն անօթևանի կարգավիճակ, սակայն չեն համապատասխանում գործող ծրագրերի պահանջներին։ Այդուհանդերձ, գերատեսչությունից չեն բացատրել՝ ովքե՞ր են ու ինչո՞ւ չեն համապատասխանում ծրագրերի պահանջներին։
Նախարարությունը չի նշել, թե այդ ընտանիքներում քանի անձ է հաշվառված։ Քանի որ ընտանիքը նվազագույնը երկու անդամից է բաղկացած, կարելի է ենթադրել, որ խոսքը առնվազն մի քանի հազար մարդու մասին է։ Այդպիսով Ալեքսանյանի հիշատակած «2000 անտուն մարդու» մասին թիվը, ընդհանուր առմամբ, մոտ է իրական տվյալներին։
Տրվել են արդյո՞ք բնակարաններ վերջին տարիներին
Նախարարության փոխանցմամբ՝ 2018 թվականից հետո Գյումրիում մի շարք ծրագրերի շրջանակներում բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր է տրամադրվել տարբեր խմբերի՝ երկրաշարժից տուժածներին, փախստականներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Ընդհանուր առմամբ, ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալների՝ նման աջակցություն ստացել է առնվազն 38 ընտանիք։
Այսպես՝
- Կառավարության 2018 և 2019 թվականների որոշումների համաձայն՝ Գյումրիում անօթևան 5 ընտանիքի 2018-2020 թթ. տրամադրվել են բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ)։
- 2023 թվականին կառավարության 2019 թվականի որոշմամբ մարզում մեկնարկած ԲԳՎ տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շահառու են համարվել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած, ՀՀ քաղաքացիություն ստացած և Շիրակի մարզի բնակավայրերում ժամանակավոր կացարաններում կամ տնակներում բնակվող 10 փախստական ընտանիք, որոնցից ԲԳՎ է ստացել 5 գյումրեցի ընտանիք։
- Կառավարության 2018 թվականի որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Շիրակի մարզի բնակավայրերում հաշվառված զոհված (մահացած) զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների համար 2019-2025 թթ. ընթացքում ԲԳՎ է տրամադրվել 24 ընտանիքի։
- ԲԳՎ է տրամադրվել նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած գյումրեցի 2 ընտանիքի՝ Կառավարության 2024 թվականի որոշմամբ, որոնք 2024-2025 թթ. ընթացքում ձեռք են բերել բնակարաններ:
- 2025 և 2026 թվականների ընթացքում դատական կարգով բնակապահովման իրավունքը վերականգնել է ևս 2 ընտանիք: Վերջիններիս աջակցության տրամադրման գործընթացն իրականացնելու համար իրենց մասով կատարված ֆինանսական միջոցների հաշվարկները ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ համապատասխանաբար 2026 և 2027 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառելու նպատակով
Ինչպե՞ս է փոխվել բնակապահովման ծավալը տարբեր տարիներին
Պետական ծրագրերով Գյումրիում բնակարանների տրամադրումը առավել լայն ծավալներ է ունեցել 2018 թվականին նախորդած տարիներին։
- 1998-2007 թվականներին բնակարան է ստացել 7834 ընտանիք
- 2008-2018 թվականներին՝ 3717 ընտանիք
Նկատենք, որ 1998-2010 թվականներին Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրիում զանգվածային բնակապահովման ծրագրեր էին իրականացվում, իսկ վերջին տարիներին իրականացվող ծրագրերը հիմնականում վերաբերում են առանձին մնացած դեպքերին և հատուկ խմբերին, ինչի պատճառով տրամադրվող բնակարանների թիվը զգալիորեն փոքր է։
Այսպիսով, Ալիկ Ալեքսանյանի պնդումը, թե Գյումրիում շուրջ 2000 անօթևան մարդ կա, ընդհանուր առմամբ մոտ է պաշտոնական տվյալներին։
Սակայն սխալ է այն հայտարարությունը, թե վերջին 8 տարիներին «ոչ մի տուն չի տրվել»․ պաշտոնական տվյալների համաձայն՝ առնվազն 38 ընտանիք ստացել է բնակարան կամ բնակարանի գնման աջակցություն։
Միևնույն ժամանակ, պետական ծրագրերով բնակարանների տրամադրման ծավալները զգալիորեն ավելի մեծ են եղել նախորդ տարիներին, երբ իրականացվում էին երկրաշարժից հետո բնակապահովման լայնածավալ ծրագրեր։
The post Գյումրիում շուրջ 2000 անօթևան կա, բայց վերջին տարիներին բնակարաններ տրվել են․ Ալիկ Ալեքսանյանի հայտարարության հետքերով appeared first on FIP.AM.