Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության հիմնադիր, ֆրանսահայ Ֆիլիպ Քալֆայանը մի շարք պնդումներ է արել «Ազատություն» ռադիոկայանի եթերում, որոնք փաստերով չեն հաստատվում, մանիպուլյատիվ են
«Փաստերի ստուգման հարթակը մեկ այլ ծավալուն հոդվածով անդրադառնալու է նախաձեռնության՝ Երևանում անցկացված անդրանիկ ասուլիսում հնչած սխալ պնդումներին, ինչպես նաև նախաձեռնության փորձագիտական անաչառությանն ու անկախությանը։
Լրագրողի հարցին, թե ինչպես է Եվրոպական Միությունը միջամտում Հայաստանում անցկացվելիք ընտրություններին՝ Քալֆայանը որպես միջամտություն է ներկայացրել ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային պատերազմի դեմ տրվող 15 միլիոն եվրո աջակցությունը․ բանախոսը կասկածի տակ է դնում Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի փաստը։
«․․․նվիրեցին Կառավարությանը, որպեսզի կարողանան հակագործունեություն տանել իբր թե՝ այսինքն alleged* [հիբրիդային պատերազմի հետ կապված]», — ասել է Քալֆայանը։
*Аlleged, հայերեն «ենթադրյալ», «իբր թե կատարված», կամ «պնդվող, բայց դեռ չապացուցված»։ Բառն օգտագործվում է այն դեպքում, երբ ինչ-որ բան մեղադրանքի կամ պնդման մակարդակում է, բայց որևէ կերպ ապացուցված չէ։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք նա չի հավատում այդ հիբրիդային պատերազմին, Քալֆայանը պատասխանել է․ «No, այդպես չէ, բայց նույնիսկ Եվրոպան երբեք որակում չի տվել էդ [թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ]:
«Փաստրի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ֆիլիպ Քալֆայանի այս ու մի շարք այլ հայտարարություններ։
ԵՄ-ն սահմանել է ու հիբրիդային սպառանալիքների դեմ պայքարի փորձ ունի
Նախ Քալֆայանը սխալվում է՝ Եվրոպական միությունը դեռևս տարիներ առաջ է սահմանել, թե ինչ է հիբրիդային սպառնալիքը, մշակել դրա դեմ պայքարի քաղաքականություն, ինչպես նաև գործնականում տեղորոշել ու պայքարել է այդպիսի դրսևորումների դեմ։
Արտապատկերումը՝ ԵԽ-ի կայքից։
Ըստ այդմ, Հիբրիդային սպառնալիքները համակարգված վնասակար գործողություններ են, որոնք նպատակ ունեն խարխլել պետությունների կամ ինստիտուտների հիմքերը՝ օգտագործելով կիբերհարձակումներ, տեղեկատվական մանիպուլյացիաներ, տնտեսական ճնշումներ և քողարկված քաղաքական հնարքներ: Այս մարտահրավերները սպառնում են ժողովրդավարական արժեքներին և հասարակական համախմբվածությանը՝ գործելով բացահայտ պատերազմի շեմից ցածր, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումն ու հակազդումը:
Եվրոպական միությունը մշակել է համակարգված մոտեցում, որտեղ հիմնական պատասխանատվությունը կրում են անդամ երկրները, սակայն ԵՄ-ն ապահովում է միասնական գործիքակազմ՝ կանխարգելիչ, կայունության բարձրացման և սահմանափակող միջոցներով: ԵՄ-ն կենտրոնանում է դիմակայունության բարձրացման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը, կիբերանվտանգությանը և միջազգային գործընկերների, օրինակ՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը:
ԵՄ-ն կիրառել է տարբեր մեխանիզմներ կոնկրետ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, մասնավորապես՝ Ռուսաստանի և Բելառուսի գործողությունների համատեքստում: Ռուսաստանի կողմից տեղեկատվական մանիպուլյացիաներին և ընտրական գործընթացներին միջամտելու փորձերին հակազդելու համար ԵՄ-ն օգտագործում է պատժամիջոցներ և հատուկ FIMI (Foreign Information and Manipulation Interference) գործիքակազմը: Բելառուսի դեպքում ԵՄ-ն արձագանքել է միգրանտների գործիքավորմանը և օդային տարածքի խախտումներին՝ կիրառելով պատժամիջոցներ:
Բացի այդ, 2023 թվականին Մոլդովայում գործարկվել է ԵՄ գործընկերության առաքելությունը (EUPM Moldova)՝ երկրի դիմակայունությունն ու կիբերանվտանգությունն ուժեղացնելու նպատակով, իսկ 2024 թվականին հաստատվել է հիբրիդային արագ արձագանքման խմբերի ստեղծումը՝ անդամ երկրներին անմիջական աջակցություն ցուցաբերելու համար։
Այսպիսով, Քալֆայանի պնդումը փաստացի չի հաստատվում։
Կասկածի տակ դրվող հիբրիդային պատերազմն ու «Ազատության» հետաքննությունը
«Ազատություն» ռադիոկայանի բանախոսը, խոսելով ՀՀ խորհրդարանական ընտրություններին արտաքին դերակատարների միջամտության մասին, ոչ միայն հստակ չի արձանագրում ՌԴ-ի պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակների կողմից ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային պատերազմի փաստ, այլ նաև առհասարակ կասկածի տակ է դնում դրա գոյությունը։
Հայաստանում վերջին ամիսներին հետաքննող ու փաստերի ստուգմամբ զբաղվող ԶԼՄ-ները՝ այդ թվում նաև՝ «Ազատություն» ռադիոկայանը, բազմաթիվ հետաքննությունների միջոցով ցույց են տվել ՌԴ-ի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ապատեղեկատվական համակարգված արշավները, որոնք հիբրիդային, ինչպես նշեցինք վերևում, հիբրիդային պատերազմի կարևոր բաղկացուցիչներից են։
«Խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ Ռուսաստանն ակտիվացնում է քարոզչությունը Հայաստանում. սա փաստում են ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև «Ազատության» հետաքննությունը։ Ռուսական քարոզչության գլխավոր հարթակներից մեկում՝ Տելեգրամում, «Ազատությունը» նույնականացրել է 20-ից ավելի ալիքներ, որոնց բաժանորդների թիվը 1800-ից մինչև ավելի քան 36 հազարի է հասնում: Հայկական ներկայացվող այս ալիքների զգալի մասը Ռուսաստանում է բացվել տարբեր ժամանակահատվածներում», — ասվում է ռադիոկայանի հետաքննության մեջ։
ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումների մասին թե FIP.am-ը և թե փաստերի ստուգմամբ զբաղվող այլ գործընկերներ (1, 2, 3) պարբերաբար հրապարակում են հետաքննություններ ու փաստերի ստուգման հոդվածներ, որոնցում հստակ արձանագրվում է ՌԴ-ի հետքը։
Արտապատկերումները՝ հետաքննություններից։
Այսպիսով Քալֆայանի կասկածները կամ պնդումները հակասում են այն հետաքննություններին, որոնք հրապարակվել են թե հենց «Ազատություն» ռադիոկայանի, թե այլ լրատվամիջոցների կողմից։
ՀՀ-ն է դիմել ԵՄ-ին օգնության համար
Քալաֆյանի պնդումը, ԵՄ-ն միջամտում է ՀՀ-ի գործերին հիբրիդային պատերազմի դեմ աջակցության նպատակով հատկացվող գումար հատկացնելով, մանիպուլյատիվ է։
Հայտնի է, որ Հայաստանն ինքն է դիմել Բրյուսելին օգնություն ակնկալիքով․ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը հայտնել էր, որ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող է տրամադրել աջակցություն՝ նմանատիպ մեխանիզմներով, ինչպես դա արվել է Մոլդովայի դեպքում։
Փաստացի, Քալֆայանի պնդումը միջամտության մասին մանիպուլյատիվ է, քանի որ ռուսական հիբրիդային հարձակումների դեմ համագործակցության առաջարկությունը եղել է պաշտոնական Երևանից, հետևաբար այն չի կարող դիտարկվել միջամտություն՝ ՀՀ-ի կամքին հակառակ։
ՌԴ-ից «20 ընտրող բերելու պնդումը» և ՔԿ հերքումը
Քալֆայանը նշելով, որ իրենց նախաձեռնությունը ՀՀ քննչական կոմիտեի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվել է ՌԴ-ից ընտրություններին մասնակցելու համար ընտրակաշառքով կամ ճնշումների միջոցով ՀՀ բերվող անձանց մասին, պնդել է, թե «Կոմիտեն այդպիսի 20 դեպքի մասին է հայտնել»։
Նա անդրադարձել է նաև ՀՀ-ում կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելության երակարմյա փորձ ունեցող Անկախ դիտորդ դաշինքի ներկայացուցչի՝ Դանիել Իոաննիսյանի՝ ավելի վաղ «Ազատությանը» տված մեկնաբանությանը․ ըստ Իոաննիսյանի, ՌԴ-ում իրենց ունեցած բազմաթիվ աղբյուրներ ահազանգում են, որ քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար ՌԴ-ից նախատեսվ են տասնյակ հազարավոր՝ մոտ 80 000 ՀՀ քաղաքացիների տեղափոխել Հայաստան։
Քալֆայանը ապատաեղեկատվություն է անվանել մոտ 80 000 ընտրող բերելու Իոաննիսյանի հնչեցրած թիվը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը 2026թ. մարտի 10-ին հայտարարություն տարածեց, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։
Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարեց, որ Արտաքին հետախուզական ծառայության տարածած հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որն իր հերթին քրեական վարույթ նախաձեռնեց:
Մինչդեռ նույն ռեպորտաժում Կոմիտեից, հաստատելով նախաձեռնության անդամների հետ հանդիպման փաստը՝ «Ազատություն» ռադիոկայանին հերքել են, որ «20 ընտրող բերելու» դեպքի մասին խոսակցություն է եղել։
Քալֆայանի խոսքերը փաստացի չեն հաստատվել հենց Ազատության ռեպորտաժում, որին հղում անելով վերջինս փորձում է հերքել կամ կասկածի տակ դնել Անկախ դիտորդ դաշինքի ունեցած տեղեկությունները։
Նանե Մանասյան
The post «Ազատությունը» հերքել է իր իսկ բանախոսին․ Քալֆայանի կասկածները հիբրիդային պատերազմի մասին և «20 ընտրող բերելու» պնդումը appeared first on FIP.AM.