Ֆաբիո Լոսա. Միայն ֆինանսական խթանները չեն լուծի ցածր ծնելիության խնդիրը

Ժողովրդագրական փոփոխությունները Հայաստանի ապագան ձեւավորող ամենակարեւոր երկարաժամկետ գործոններից են: Դրանք ազդում են գրեթե բոլոր ոլորտների վրա՝ աշխատաշուկայից մինչեւ սոցիալական համախմբվածություն եւ տնտեսական աճ։ 
Մեդիամաքսի հետ հարցազրույցում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ժողովրդագրական դիմակայունության հարցերով խորհրդատու Ֆաբիո Լոսան խոսել է միգրացիայի, ծնելիության, բնակչության ծերացման եւ այն քաղաքականությունների մասին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ժողովրդագրական դիմակայունությունն ամրապնդելու համար։
– Ինչպե՞ս կսահմանեիք ժողովրդագրական դիմակայունությունը ավելի լայն լսարանի համար, եւ ինչո՞ւ է այն հատկապես կարեւոր այնպիսի երկրի համար, ինչպիսին է Հայաստանը, որը միաժամանակ բախվում է միգրացիայի, ցածր ծնելիության եւ ծերացող բնակչության խնդիրներին։
– ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում ժողովրդագրական դիմակայունությունը սահմանում ենք որպես երկրի կարողություն՝ կանխատեսելու, հարմարվելու եւ արդյունավետ կառավարելու ժողովրդագրական փոփոխությունները՝ ի շահ ներկա եւ ապագա սերունդների՝ միաժամանակ հարգելով մարդու իրավունքներն ու անհատական ընտրությունը։ 
Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, այս հասկացությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ Ինչպես Արեւելյան Եվրոպայի շատ երկրներ, Հայաստանը նույնպես բախվում է երկու փոխկապակցված ժողովրդագրական միտումների՝ ցածր ծնելիություն եւ բնակչության արտահոսք։ 
Սակայն այս տարածաշրջանը որոշ առումներով եզակի է։ Համաշխարհային մակարդակով այս երկու միտումները հաճախ փոխկապակցված են։ Օրինակ՝ Արեւմտյան Եվրոպայի շատ երկրներ նույնպես ունեն շատ ցածր ծնելիության մակարդակներ՝ համադրելի Հայաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հետ, սակայն այն որոշ չափով փոխհատուցում են ներգաղթի բարձր մակարդակով, որն օգնում է հավասարակշռել եւ կայունացնել բնակչության թվաքանակը։ 
– Հայաստանն արտագաղթի մի քանի ալիք է ապրել՝ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, ինչպես նաեւ վերջին տարիներին՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից եւ 2023 թվականին ավելի քան 100 000 էթնիկ հայերի տեղահանությունից հետո։ Ինչպե՞ս են այս հաջորդական միգրացիոն ցնցումները բարդացնում ժողովրդագրական դիմակայունություն ձեւավորելու ջանքերը։
– Եկեք միգրացիան եւ ժողովրդագրական գործընթացները պատկերացնենք որպես խոր, հին ջրհոր, որը ջուր է մատակարարում գյուղին։ Սովորական պայմաններում այդ ջրհորը լցվում է անձրեւաջրերի շնորհիվ, ինչը կարելի է համեմատել նոր ծնունդների հետ։ Այն լցվում է այնպիսի արագությամբ, որը հավասարակշռում է գյուղացիների կողմից վերցվող ջրի քանակը՝ խորհրդանշելով բնակչության ծերացումն ու բնական միգրացիոն շարժը։
Կայուն իրավիճակում ջրի մուտքն ու սպառումը հավասարակշռված են, եւ համակարգը շարունակում է աշխատել առանց խաթարումների։ Սակայն, երբ տարին տարու վրա երաշտ է լինում, ջրհորն աստիճանաբար դատարկվում է եւ այլեւս չի կարող ապահովել գյուղացիներին անհրաժեշտ ջրով։ Սա լավ արտացոլում է Հայաստանի ներկայիս իրավիճակը, որտեղ եղել են արտագաղթի հաջորդական ալիքներ։
Կարեւոր է նաեւ հասկանալ՝ երբ արտագաղթի միտումն արդեն ձեւավորված է, հեռանալու «գինը» նվազում է։ Մարդիկ ունեն ազգականներ, ընկերներ եւ ծանոթներ արտերկրում, ինչը հեշտացնում է երկրից հեռանալու որոշումը։ Այնուամենայնիվ, կարեւոր է ընդգծել, որ ցանկացած համակարգ կարող է հարմարվել նոր պայմաններին, սա վերաբերում է նաեւ Հայաստանին։ Ամենակարեւորը համապարփակ եւ ուժեղ քաղաքականությունների իրականացումն է, որոնք կնվազեցնեն արտագաղթի խթանները եւ կստեղծեն այնպիսի կենսական ու աշխատանքային պայմաններ, որոնք կխրախուսեն երիտասարդներին մնալ Հայաստանում եւ իրենց ապագան կառուցել հենց այստեղ։
– Հայաստանում ընդհանուր ծնելիության մակարդակը ներկայումս զգալիորեն ցածր է 2.1-ի՝ սերունդների պարզ վերարտադրության մակարդակից։ Ո՞րն են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կառավարությունների կողմից կիրառված ամենաարդյունավետ քաղաքականությունը՝ ծնելիության անկումը կանխելու կամ կայունացնելու համար, եւ դրանցից որո՞նք են իրատեսորեն կիրառելի Հայաստանի համար։
– Ծնելիության անկումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին։ Մինչ օրս որեւէ երկիր չի կարողացել այն զգալիորեն եւ կայուն կերպով լուծել։ Նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան եւ Ճապոնիան, որոնք իրենց ՀՆԱ-ի զգալի մասը ներդրել են ծնելիության խթանման ծրագրերում, չեն կարողացել հասնել ցանկալի արդյունքների։
Այս հարցի պատասխանն արտացոլված է մեր վերջին «Աշխարհի բնակչությունը» զեկույցում։ Այն ցույց է տալիս, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, կցանկանային ավելի շատ երեխա ունենալ, քան իրականում ունեն, սակայն մի շարք գործոններ խանգարում են նրանց իրականացնել այդ ցանկությունը։ 
Այդ գործոնների թվում են ֆինանսական սահմանափակումները, քանի որ երեխաներ մեծացնելը թանկ է, անհավասար գենդերային նորմերը, որոնց պայմաններում կանայք հիմնականում կրում են տնային խնամքի եւ կենցաղային պարտականությունների հիմնական բեռը, ինչպես նաեւ անպտղությունը, որը եւս մեկ պատճառ է, որ որոշ մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց ծնողական ձգտումները։ Կարեւոր դեր ունի նաեւ ապագայի հանդեպ անորոշությունն ու վախը։
Այս պայմաններում կառավարությունները, նախեւառաջ, պետք է ձգտեն ստեղծել ավելի լավ կենսապայմաններ եւ բարելավել աշխատատեղերի որակն ու aաշխատանքով ապահովված լինելու հնարավորությունները։ Միաժամանակ անհրաժեշտ է հետեւողականորեն պայքարել սեռի եւ տարիքի հիմքով խտրականության եւ աշխատաշուկայում տարանջատման դեմ։
Ոչ պակաս կարեւոր են մանկական խնամքի մատչելի ծառայությունները, ընտանեկան աջակցության համակարգերը եւ ճկուն աշխատանքային պայմանները, որոնք կարող են օգնել մարդկանց ունենալ իրենց ցանկալի թվով երեխաներին։
– Տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ներդրել է տարբեր միջոցառումներ՝ ծնելիությունը խթանելու համար։ Ձեր փորձի հիման վրա ծնելիության վրա իրականում ազդող միջոցառումները ինչո՞վ են տարբերվում հիմնականում խորհրդանշական նշանակություն ունեցող քայլերից։
– Հետազոտությունները բավական հստակ պատասխան են տալիս այս հարցին։ Նախ՝ ֆինանսական հատկացումները երկարաժամկետ հեռանկարում սահմանափակ արդյունավետություն ունեն․ դրանք կայուն ազդեցություն չեն ունենում ծնելիության աճի վրա։ Կարճաժամկետ կտրվածքով դրանք կարող են որոշակի աճ առաջացնել, քանի որ մարդիկ պարզապես որոշում են ավելի շուտ երեխա ունենալ, սակայն ընդհանուր առմամբ դրանք չեն փոխում ընտանիքների ունեցած երեխաների վերջնական թվաքանակը։
Փոխարենը, հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ երեխաների խնամքի ծառայությունները ծնելիության բարձրացման ամենաարդյունավետ միջոցներից են։ Պետության կողմից ֆինանսավորվող կամ սուբսիդավորվող մանկական խնամքը համարվում է ամենակայուն ազդեցություն ունեցող գործոններից մեկը, քանի որ այն անմիջականորեն մեղմում է աշխատանքի եւ ընտանիքի միջեւ առաջացող հակասությունը՝ նվազեցնելով երեխա ունենալու երկարաժամկետ «գինը» ընտանիքների համար։
Երկրորդ գործոնը, որը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ ծնելիության վրա, ծնողական արձակուրդի քաղաքականությունն է, հատկապես այն դեպքում, երբ այն հավասարապես հասանելի է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։
Անպտղության բուժման համար կիրառվող օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները նույնպես կարող են արդյունավետ լինել։ Սակայն դրանք վերաբերում են բնակչության համեմատաբար փոքր հատվածին եւ, հետեւաբար, չեն կարող զգալի ազդեցություն ունենալ ազգային մակարդակում։
Ընդհանուր առմամբ, փորձը ցույց է տալիս, որ միայն ֆինանսական հատկացումներն ու նպաստները բավարար չեն ծնելիության մակարդակն էապես փոխելու համար։ Քաղաքականության կենտրոնում պետք է լինի հատկապես մանկական խնամքի ծառայությունների հասանելիության ընդլայնումը, որպեսզի ընտանիքների համար նվազի երեխա ունենալու հետ կապված երկարաժամկետ բեռը։
– Բնակչության ծերացումը հաճախ ներկայացվում է որպես ֆինանսական բեռ՝ կենսաթոշակների եւ առողջապահության ծախսերի աճի պատճառով։ Բայց արդյո՞ք այստեղ կարող են լինել նաեւ տնտեսական հնարավորություններ։
– Այո՛, իհարկե։ Երբ բնակչության տարիքային կառուցվածքը փոխվում է, բոլոր ինստիտուցիոնալ համակարգերը՝ կենսաթոշակային, հարկային եւ կրթական, պետք է հարմարվեն այդ փոփոխություններին։ Սա լուրջ գործընթաց է, եւ յուրաքանչյուր երկիր պետք է իր համակարգերը համապատասխանեցնի փոփոխվող ժողովրդագրական իրողություններին։ Սակայն ամենակարեւորն այն է, որ ծերացումը ինքնին խնդիր չէ։ Տարեց մարդիկ կարող են շարունակել մնալ աշխատուժում, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Դրա համար անհրաժեշտ են ճկուն կենսաթոշակային համակարգեր, տարիքին համապատասխան աշխատատեղեր եւ խտրականության դեմ արդյունավետ քաղաքականություններ։
Օրինակ՝ կարեւոր է պայքարել աշխատաշուկայում տարիքային խտրականության դեմ։ Միեւնույն ժամանակ, կենսաթոշակային տարիքի մարդիկ կարող են կրկին ներգրավվել աշխատաշուկայում, սակայն դրա համար հարկային համակարգը պետք է հարմարեցվի այնպես, որ իրականում խրախուսի ակտիվ աշխատանքային գործունեության վերադառնալ ցանկացողներին։ Միեւնույն ժամանակ, տարեց մարդկանց արժեքը չպետք է գնահատվի միայն աշխատաշուկայում նրանց պաշտոնական մասնակցությամբ։ Նրանք ունեն կարեւոր սոցիալական դեր՝ ընտանիքներում եւ համայնքներում խնամքի ապահովման, թոռների դաստիարակության եւ սերունդների միջեւ գիտելիքների փոխանցման գործում։
Ուստի քաղաքականությունները պետք է լինեն ներառական՝ ստեղծելով շարունակական հնարավորություններ տարեցների համար եւ ապահովելով, որ հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան պահպանել իրենց ինքնավարությունը, արժանապատվությունը եւ հասարակական կյանքում ներդրում ունենալու զգացումը։ Սրանք այն կարեւոր քայլերն են, որոնք կառավարությունները պետք է ձեռնարկեն՝ բոլորի համար տեղ ապահովելու եւ սոցիալապես համախմբված հասարակություն պահպանելու համար։
– Հայկական սփյուռքն Հայաստանի բնակչության համեմատ աշխարհում ամենամեծերից մեկն է։ Ինչպե՞ս կարելի է կազմակերպել սփյուռքի հետ համագործակցությունը, որպեսզի այն ոչ միայն մշակութային կամ քաղաքական ռեսուրս լինի, այլեւ դառնա ժողովրդագրական եւ տնտեսական քաղաքականության իրական գործիք:
– Այսօր, թվային հարթակների լայն տարածման պայմաններում, անկասկած մեծ հնարավորություն է ստեղծվում։ Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ աշխատանքային միգրանտները հաճախ պաշտպանության կարիք ունեն, եւ կարեւոր է տարբերակել ժամանակավոր աշխատանքային միգրանտներին եւ այն մարդկանց, որոնք արտերկրում մշտական բնակություն հաստատելու նպատակ ունեն։ Քաղաքականությունը պետք է հաշվի առնի այս բազմազանությունը, եւ յուրաքանչյուր խմբի համար մշակվեն համապատասխան մոտեցումներ։ Մեկ այլ կարեւոր ուղղություն է «ուղեղների շրջանառությունը» վերածել «ուղեղների ավելացման»՝ սփյուռքը դիտարկելով որպես արժեքավոր ռեսուրս։ Դա կարող է իրականացվել թե՛ հեռավար ներգրավման, թե՛ վերադարձի միգրացիայի միջոցով։ Օրինակ՝ թվային ինտեգրման, հեռաբժշկության եւ հեռավար խորհրդատվական հարթակների զարգացումն այն ոլորտներից են, որտեղ սփյուռքի մասնագետները կարող են վճռորոշ դեր խաղալ։
Տրանսֆերտները եւս կարեւոր դեր ունեն։ Հայաստանում դրանք կազմում են ՀՆԱ-ի մոտ 4.9%-ը, մինչդեռ, օրինակ, Տաջիկստանում այս ցուցանիշը հասնում է մոտ 49%-ի։ Միաժամանակ քաղաքականության շրջանակը պետք է խթաններ ստեղծի նաեւ սփյուռքի վերադարձի համար՝ երկարաժամկետ հնարավորություններ առաջարկելով նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ եւ աշխատել հայրենիքում։ Վերջապես անհրաժեշտ է նաեւ մտածելակերպի փոփոխություն՝ օրինակ, որ տրասնֆերտներն ուղղվեն ոչ միայն սեփական ընտանիքների կարիքներին, այլեւ համայնքային զարգացման նախագծերին։ 
Կարեւոր է սփյուռքը դիտարկել որպես բազմաշերտ համակարգ՝ տարբեր խմբերով եւ դերերով եւ մշակել նպատակային քաղաքականություններ ու ծրագրեր դրանցից յուրաքանչյուրի համար։
– Ապացուցահեն քաղաքականության մշակումը պահանջում է հուսալի տվյալներ։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ժողովրդագրական տվյալների ենթակառուցվածքի որակը եւ ծածկույթը, եւ ի՞նչ բացթողումներ պետք է նախ շտկվեն՝ ապագային ուղղված քաղաքականությանը աջակցելու համար։ 
– Կարծում եմ՝ տվյալների առումով Հայաստանում ընդհանուր առմամբ վիճակը բավական լավ է։ Օրինակ՝ վերջերս անցկացվել է բնակչության մարդահամար, եւ առկա են հաստատություններ, որոնք ապահովում են վիճակագրական համակարգի որակը։ Միեւնույն ժամանակ, տվյալների հասանելիության եւ դրանց արդյունավետ օգտագործման հարցում միշտ առկա են որոշակի մարտահրավերներ։ Առաջին հերթին անհրաժեշտ է ինստիտուցիոնալ կարողություն՝ առկա տվյալները վերածելու ապագային ուղղված քաղաքական որոշումների հիմքի։ 
Սա այն ոլորտն է, որը կարող է բարելավվել Հայաստանում, ինչպես նաեւ շատ այլ երկրներում։ Այդ առումով կարեւոր քայլ էր վերջերս Երեւանի պետական համալսարանում ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի հիմնումը։ Կենտրոնը ստեղծում է ազգային հարթակ՝ բնակչության թվաքանակի կանխատեսումներ կազմելու, տարբեր սցենարներ մոդելավորելու, ինչպես նաեւ ծնելիության, տաղանդի արտահոսքի, բնակչության ծերացման եւ միգրացիայի երկարաժամկետ ազդեցությունները գնահատելու համար։ Այսպիսի տեղեկատվությունը կարեւոր է երկրի կարողություններն ամրապնդելու համար՝ ապացույցների եւ իրավունքների վրա հիմնված քաղաքականություններ իրականացնելու, որոնք նպաստում են ժողովրդագրական դիմակայունությանը։
– Արեւլյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ փորձարկել են կառավարվող ներգաղթը՝ որպես ժողովրդագրական անկման մասնակի արձագանք։ Արդյո՞ք սա իրատեսական տարբերակ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական իրավիճակը, եւ ինչպիսի՞ն կարող է լինել պատասխանատու ներգաղթային քաղաքականությունը այս համատեքստում։ 
– Միգրացիայի հարցում, նախքան ներգաղթի մասին խոսելը, նախ կկենտրոնանայի արտագաղթի նվազեցման վրա։ Առաջին հերթին անհրաժեշտ է չեզոքացնել այն գործոնները, որոնք մարդկանց ստիպում են լքել Հայաստանը։ Երկիրը պետք է դառնա այնպիսի վայր, որտեղ մարդիկ ցանկանում են ապրել եւ տեսնում են կայուն ապագա իրենց եւ իրենց ընտանիքների համար։ 
Սա նշանակում է, նախ եւ առաջ, աշխատել այն գործոնների վրա, որոնք կարող են խրախուսել նաեւ վերադարձը՝ ստեղծելով լավ կենսապայմաններ եւ կայուն, ֆորմալ զբաղվածության հնարավորություններ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։ Կարեւոր է նաեւ բարելավել բնակարանային շուկան, որպեսզի երիտասարդ զույգերը կարողանան իրականացնել իրենց ձգտումները՝ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ եւ զարգացնել կարիերան։ 
Ես Շվեյցարիայից եմ, որտեղ ներգաղթը, անկասկած, նպաստում է տնտեսական աճին եւ հասարակության բազմազանությանը։ Սակայն ներգաղթային քաղաքականությունը պետք է հարմարեցվի երկրի եւ աշխատաշուկայի կոնկրետ կարիքներին։ Նախ եւ առաջ՝ միգրացիան պետք է լինի կարգավորվող եւ կառավարվող գործընթաց։ 
Միեւնույն ժամանակ՝ միգրացիան ինքնին ամբողջական լուծում չէ։ Այն պետք է ուղղված լինի այն ոլորտներին, որտեղ ներգաղթյալները լրացնում են, այլ ոչ թե մրցակցում տեղական աշխատուժի հետ։ Կարեւոր է նաեւ ճանաչել ներգաղթյալների՝ իրենց հայրենի երկրներում ձեռք բերված դիպլոմներն ու մասնագիտական հմտությունները եւ նպաստել նրանց արդյունավետ ինտեգրմանը հայկական հասարակության մեջ։ Ուստի՝ ներգաղթը համապարփակ լուծում չէ, սակայն եթե այն համակցվում է այլ քաղաքական միջոցառումների հետ, կարող է լրացնել ներքին ջանքերը՝ օգնելով կայունացնել աշխատաշուկան, կանխել աշխատուժի պակասը եւ պահպանել սոցիալական համախմբվածությունը։
– Հայաստանի ներսում տարածաշրջանային անհավասարությունները շատ նկատելի են. Երեւանում բնակչության թիվը շարունակում է աճել, մինչդեռ բազմաթիվ գյուղական համայնքներ արագորեն դատարկվում են։ Արդյոք ժողովրդագրական դիմակայունության հարցը պետք է լուծվի ազգայի՞ն, տարածաշրջանայի՞ն, թե՞ երկու մակարդակներում էլ։
– Ժողովրդագրական դիմակայունությունը չի սահմանափակվում միայն ազգային մակարդակով։ Կարեւոր է նաեւ կանխատեսել, հասկանալ եւ կառավարել ժողովրդագրական փոփոխությունները տեղական մակարդակում։
Այդ առումով կարեւոր դեր կարող է խաղալ Երեւանի պետական համալսարանում ստեղծված ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը։ Տեղական իշխանությունները պետք է կարողանան հասկանալ ժողովրդագրական փոփոխությունների հետ կապված ինչպես մարտահրավերները, այնպես էլ հնարավորությունները։
Ավելին, նրանք պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչպիսի քաղաքականություններ կարելի է իրականացնել տեղական մակարդակում՝ օրինակ՝ գյուղական բնակչության նվազումը մեղմելու համար։ Կարեւոր է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ ցանկանան ապրել տեղական համայնքներում եւ գյուղական բնակավայրերում՝ կանխելով բնակչության արագ կրճատումը, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում այդ տարածքներում։ Միեւնույն ժամանակ՝ բնակչության անհավասար բաշխումը խնդիրներ է ստեղծում նաեւ խոշոր քաղաքներում։ Օրինակ՝ բնակչության ներքին հոսքերի հետեւանքով մեծ քաղաքներում բարձրանում են բնակարանների գները եւ առաջանում են ենթակառուցվածքային ու սոցիալական այլ խնդիրներ։
– Եթե կարողանայիք նշել մեկ հրատապ ժողովրդագրական քաղաքականության քայլ, որը Հայաստանը պետք է իրականացնի առաջիկա երկու-երեք տարիներին, ո՞րը կլիներ այն եւ ինչո՞ւ։ 
– Հայաստանում իրավիճակը շատ առումներով նման է տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրներում դիտվող միտումներին։ Ծնելիությունը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա, տարեց բնակչության թիվը կայուն աճում է, իսկ միգրացիան շարունակում է ձեւավորել ինչպես բնակչության ընդհանուր թվաքանակը, այնպես էլ դրա տարիքային կառուցվածքը։ 
Հիմնական ուղերձն այն է, որ գոյություն չունի մեկ միասնական լուծում, որը կարող է լուծել ժողովրդագրական փոփոխությունների հետ կապված բոլոր խնդիրները։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում կարեւորում ենք քաղաքականությունների համապարփակ փաթեթի իրականացումը, որը միաժամանակ անդրադառնում է ժողովրդագրական տարբեր գործընթացներին։
Այդ պատճառով անհրաժեշտ է մշակել քաղաքականություն, որն ուղղված կլինի մարդկային կապիտալի զարգացմանը, միգրացիայի կառավարմանը, ակտիվ եւ առողջ ծերացման խթանմանը, աշխատաշուկաների զարգացմանը եւ սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդմանը։ Միայն ֆինանսական խթանների վրա հիմնված կամ կարճաժամկետ ծրագրերը չեն կարող փոխել այս միտումները: Դրանք հաճախ ուղղակի վատնում են ռեսուրսները՝ առանց երկարաժամկետ ազդեցություն ապահովելու։
Փոխարենը անհրաժեշտ է ապացուցահեն միջոցառումների համապարփակ համակարգ՝ հիմնված այն քաղաքականության վրա, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Նույնքան կարեւոր է, որ այդ քաղաքականությունը լինի մարդու իրավունքների վրա հիմնված եւ ներառական։
Մարդիկ պետք է կարողանան կատարել իրենց սեփական ընտրությունը՝ ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, կարիերա կառուցելու, իրենց համայնքներում աշխատելու եւ հասարակական կյանքին մասնակցելու հարցում։ Երբ այս հնարավորությունները իրականում հասանելի են, մարդիկ տեսնում են իրենց ապագան սեփական երկրում։ Այդ դեպքում նրանք մնում են, դառնում են ավելի արդյունավետ, ձեւավորում են իրենց ընտանիքները եւ գործում որպես իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ։
Ի վերջո, իրական լուծումը մարդու իրավունքների եւ ապացույցների վրա հիմնված քաղաքականության համապարփակ փաթեթի մշակումն ու իրականացումն է։
Ֆաբիո Լոսայի հետ զրուցել է Արփի Ջիլավյանը
Հարցազրույցը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ 

Leave a comment