Սոնյա Շիրակյանի ան [իրական] այցելությունը Հայաստան

Visit to Armenia հոդվածը, որը 1963 թվականին հրապարակվել էր The New Yorker ամսագրում, «պեղել» էի դեկտեմբերին: Այն ժամանակ ամբողջության չէի կարդացել, բայց զգացով, որ հետաքրքիր է, եւ ուղարկել էի թարգմանելու:
Այս շաբաթ վերջապես ժամանակ գտա թարգմանությունը կարդալու՝ այս դառը սյունակը գրելու հաջորդ օրը: Սկսեցի կարդալ ու մի քանի պարբերություն հետո փշաքաղվեցի, աչքերիցս էլ արցունքներ եկան: Սոնյա Շիրակյանի պատմությունը այնքան գեղեցիկ ու հուզիչ էր, այնքան սեր կար 1930-ականների Նյու Յորքում ապրող իր հայրիկի ու նրա ընկերների հանդեպ: Մարիա Սադոյանն էլ այնպես է թարգմանել, որ կարդում ու չես հավատում, որ տեքստն ի սկզբանե հայերեն չէ գրվել:
Սոնյա Շիրակյանի պատմությունը կարդում ենք այսօրվա Հայաստանում, որը Փաշինյանը «իրական» է անվանում եւ չի թաքցնում, որ անզիջում պայքար է սկսել հիշողության դեմ: Սոնյան գրում է, թե ինչ էին զգում մոտ 100 տարի առաջ Նյու Յորքում ապրող եւ Հայաստանի մասին երազող հայերը.
Հայրս կրոնասեր չէր, բայց Հայաստանի մասին խոսելիս հաճախ օգտագործում էր «դրախտ» բառը։ Կար երկու դրախտ. մեկը երկնային մի վայր էր, որի հետ կարելի էր համեմատել նախնիների հայրենիքը։ Մյուսը՝ ավելի հեռավորը (չէ՞ որ ես կարող էի տեսնել երկինքը), Հայաստանն էր։ Այս երկու պատկերները միաձուլվում էին իմ երեւակայության մեջ։ Դրախտն իջնում էր երկրի վրա, եւ Հայաստանը դառնում էր սրբազան վայր աշխարհի տանիքին։ Այնտեղ Արարատ լեռը՝ շողշողուն, բուրավետ, ստորոտը կանաչաոսկեգույն, այնքան բարձր էր խոյանում դեպի երկնային կապույտը, որ գագաթը միշտ ծածկված էր ամենաճերմակ, ամենամաքուր ձյունով։ Նոյյան տապանն էր կանգնել այդ գագաթին, եւ այնտեղից էր վերսկսվել կյանքը. կենդանիներն իջել էին լեռից, մարդիկ կրակ էին վառել ու պարել Սեւանա լճի շուրջը։
Ի՞նչ կանեին այդ մարդիկ, եթե իմանային, որ 100 տարի հետո իրենց փափագած անկախ Հայաստանում Արարատ լեռան հիշատակումն ու պատկերումը խնդրահարույց է լինելու:
Ավարտեցի կարդալը, սրբեցի արցունքներս ու սկսեցի նյութի համար նկարներ որոնել: Ու պապանձվեցի. պարզվեց, որ Սոնյա Շիրակյանը «Նեմեսիս» գործողության մասնակից Արշավիր Շիրակյանի դուստրն էր: Այն մարդու, ում մասին
մեր Գոհար Նալբանդյանը երկու տարի առաջ իր «Հատուկ գործ» շարքում հրապարակել էր «Նեմեսիս»-ի ամենաճարպիկ «սնդիկ» Արշավիր Շիրակյանը հոդվածը: 
Դեռ այն ժամանակ՝ նայելով Արշավիրի լուսանկարներին, մտածում էի, որ Ջեմալ Ազմիին մահապատժի ենթարկած այդ մարդը ասես հայ ազնվականության մարմնացումը լիներ: Ու այդ հոդվածում նշված էր, որ Արշավիրի դուստրը 1960-ականներին The New Yorker-ում հուզիչ հոդված էր գրել հոր մասին: Այսպիսով՝ շրջանն ամբողջացավ: 

Լուսանկարը՝ Արշավիր Բլեքվելի արխիվից
Կարդացեք Սոնյա Շիրակյանի պատմությունը: Կարդացեք ու հասկացեք, որ հիշողությունը եւ երազանքը հնարավոր է սպանել միայն այն դեպքում, եթե դուք պաստրաստ եք համակերպվել դրա հետ:
Առավել քան վստահ եմ, որ եթե այս սյունակը կարդան Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմակիցները, նախ քմծիծաղ կտան, հետո էլ դեմքի լուրջ արտահայտություն կընդունեն ու կասեն. «Սրանք էմոցիաներ են, իսկ խաղաղությունը պետք է սառնասրտորեն կառուցել»: Իսկ ես կասեմ, որ հենց էմոցիաներն են ստեղծում պետություններ եւ հենց էմոցիաներն օգնում պետություններին ուղղել մեջքը: Ուսումնասիրեք պատմությունը՝ դրա դեմ կռիվ տալու փոխարեն:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է

Leave a comment