Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը France 24-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, որը Արցախի առաջնորդներին համեմատել էր նացիստական հանցագործների հետ։
«Նացիստական առաջնորդ հենց Ալիեւն է։ Նա եւ նրա ռեժիմը գործել են հանցագործություններ մարդկության դեմ եւ իրագործել են մեր ժողովրդի ցեղասպանությունը», – ասել է Բեգլարյանը։
2025 թվականի փետրվարին France 24-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը, պատասխանելով Արցախի առաջնորդներին ներում շնորհելու հնարավորության մասին հարցին, ասել էր.
«Գիտեք, այդ մարդիկ լուրջ հանցագործություններ են գործել մարդկության դեմ: Պատկերացրեք Նյուրնբերգյան դատավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ դրա ավարտից երկու ամիս անց, երբ նացիստական բոլոր ղեկավարներին մահապատժի են դատապարտում, ինչ-որ մեկը գալիս եւ խնդրում է ազատ արձակել նրանց»։
Արտակ Բեգլարյանը նշել է, որ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններում «ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի 150 000 բնակիչների իրավունքների, անվտանգության կամ կարգավիճակի մասին»։
«Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ մենք պետք է մոռանանք մեր վերադարձի մասին։ Դա աբսուրդ է», – ընդգծել է Արտակ Բեգլարյանը։