Եվրոպական խորհրդարանի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը

Երեւան: Մեդիամաքս: Ստրասբուրգում տեղակայված Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

Կառավարությունից հայտնում են, որ ««Արմատագիր – երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական եւ անվերապահ աջակցության համար»:
Ռոբերտա Մեցոլան նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, որը միավորում եւ առաջ է շարժում: 
«Այդպիսին է Եվրոպայի խորհրդարանը իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ եւ մեզ շրջապատող աշխարհի հետ։  Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ եւ բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», – ասել է Ռոբերտա Մեցոլան: Նա մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի տողերը. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ  Հայոց այբուբենի գյուտը տեղի է ունեցել դեռեւս 5-րդ դարում եւ հայկական ինքնության կարեւորագույն հիմնասյուներից է։ 
«Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարեւոր կապը հայկական ինքնության եւ եվրոպական ինքնության միջեւ», – ասել է նա:

Leave a comment