Թուրք զինվորականների հուշագիրը, որը հրապարակվեց 1971 թվականի մարտի 12-ին, զինվորականների երկրորդ միջամտությունն էր Թուրքիայի քաղաքական կյանքին:
1.1971 թվականի զինվորական հեղաշրջումը իրականացվել էր հուշագրի ներկայացման, այլ ոչ թե զորքեր փողոց հանելու միջոցով։
2. «Զինվորական հուշագիրը» հրապարակվել էր 1960 թվականի զինվորական հեղաշրջումից 11 տարի անց։
3. Հուշագիրը 1971 թվականի մարտի 12-ին վարչապետ Սուլեյման Դեմիրելին էր հանձնել Գլխավոր շտաբի պետ Մեմդուհ Թաղմաչը։
4. Սուլեյման Դեմիրելը հրաժարական էր ներկայացրել նույն օրը՝ նախարարների կաբինետի երեք ժամ տեւած նիստից հետո։
5. 1971 թվականի մարտի 4-ին չորս ամերիկացի զինծառայողներ առեւանգվել էին ձախական ուժերի զինյալների կողմից, ինչը հեղաշրջման առիթներից մեկն էր հանդիսացել։
6. 1971 թվականի մարտի 26-ին պրոֆեսոր Նիհաթ Էրիմին հանձնարարվեց ձեւավորել «ազգային միասնության» չեզոք տեխնոկրատական կառավարություն։
7. Անկարայում, Ստամբուլում եւ 11 խոշոր նահանգներում հայտարարված ռազմական դրությունը ուժի մեջ մնաց 31 ամիս։
8. Ուսանողական շարժման երեք առաջնորդներ՝ Դենիզ Գեզմիշը, Յուսուֆ Ասլանը եւ Հուսեյն Ինանը կախաղան հանվեցին 1972 թվականի մայիսի 6-ին։
9. Նիհաթ Էրիմը սպանվեց 1980 թվականի հուլիսի 19-ին Ժողովրդական ազատագրական կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Համարվում է, որ դա վրեժխնդրություն էր 1972 թվականին ուսանողների մահապատժի համար։
10. Հեղաշրջումը քաղաքական բռնությունների դադարեցում չապահովեց. երրորդ զինվորական հեղաշրջումը Թուրքիայում իրականացվեց 1980 թվականին։