«Ոսկե ծիրանն» այլեւս աշխարհի առաջատար կինոփառատոնների top 50-ում է

Երեւանի Golden Apricot Yerevan International Film Festival-ը ընդգրկվել է միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող առաջատար կառույցի՝ International Federation of Film Producers Associations (FIAPF) ճանաչված փառատոների ցանցում։

1933 թվականին հիմնադրված International Federation of Film Producers Associations-ը համաշխարհային կինոարդյունաբերության կարեւոր ինստիտուցիոնալ կառույցներից է, որը սահմանում է միջազգային կինոփառատոների գործունեության մասնագիտական չափանիշները։ Ֆեդերացիան գնահատում է փառատոնների ծրագրային քաղաքականությունը, միջազգային ժյուրիների ձեւավորման սկզբունքները, պրեմիերաների կանոնակարգը, ինչպես նաեւ կազմակերպչական թափանցիկությունն ու կապերը կինոարդյունաբերության հետ։
Այս համակարգում ընդգրկված են համաշխարհային կինոփառատոնային քարտեզի առանցքային հարթակները, այդ թվում՝ Կաննի, Վենետիկի եւ Բեռլինի միջազգային կինոփառատոնները: Աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոններից կազմակերպության կողմից ճանաչված են մոտ 50-ը։
Կինոփառատոնային համակարգում FIAPF-ի ճանաչումը դիտվում է որպես ինստիտուցիոնալ լեգիտիմացման կարեւոր քայլ։ Այն փաստում է, որ փառատոնը գործում է միջազգային կինոարդյունաբերության ընդունված կանոններով եւ կարող է հանդիսանալ վստահելի հարթակ ֆիլմերի ցուցադրությունների, պրեմիերաների եւ մասնագիտական հանդիպումների համար։
Այս կարգավիճակը կարեւոր է հատկապես հեղինակային կինոյի համար, քանի որ փառատոնային շրջանառության մեջ ֆիլմերի ճանապարհը հաճախ կառուցվում է հենց նման ինստիտուցիոնալ հարթակների միջոցով։ Հետեւաբար FIAPF-ի ճանաչումը կարող է մեծացնել փառատոնի գրավչությունը միջազգային ռեժիսորների, պրոդյուսերների եւ վաճառքի գործակալների համար։
2004 թվականին հիմնադրված Golden Apricot Yerevan International Film Festival-ը վերջին երկու տասնամյակում ձեւավորվել է որպես հեղինակային եւ անկախ կինոյի կարեւոր տարածաշրջանային հարթակ։ Նրա ծրագրում մշտապես ներկայացված են ինչպես ճանաչված ռեժիսորների աշխատանքներ, այնպես էլ նոր կինեմատոգրաֆիստների ֆիլմեր՝ Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ Արեւմտյան Ասիայից։
Աստղիկ Հովհաննեսով

Leave a comment