Թրամփը հայտարարել է, որ իրեն «այլևս չի հետաքրքրում» Խաղաղության Նոբելյան մրցանակը

Քաղաքականություն

13.03.2026 | 22:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում քննարկել Խաղաղության Նոբելյան մրցանակը ստանալու հնարավորությունը։ Նա այս հայտարարությունն արել է ամերիկյան պահպանողական Washington Examiner-ին  տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ ԱՄՆ-ի գլխավորած գործողությունը Իրանում կբարձրացնի Խաղաղության Նոբելյան մրցանակը շահելու իր հնարավորությունները, գրում է The Insider-ը։

«Չգիտեմ։ Ինձ չի հետաքրքրում»,- ասել է Թրամփը։

Հարցին էլ՝ արդյո՞ք նա քննարկել է այս թեման օտարերկրյա առաջնորդների հետ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր, նախագահը պատասխանել է, որ «չի խոսում Նոբելյան մրցանակի մասին»։

Անցյալ տարի Դոնալդ Թրամփը բազմիցս իր դժգոհությունն էր արտահայտել Նոբելյան մրցանակի հետ կապված, որը, ի վերջո, շնորհվել էր վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին: Այս տարվա հունվարին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այլևս «պարտավոր չի զգում մտածել խաղաղության մասին», քանի որ իրեն չեն տվել մրցանակը: Դրանից առաջ Մաչադոն Թրամփին էր հանձնել մրցանակաբաշխության մեդալը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment