Մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը մի շարք սխալ պնդումներ է արել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ։
Նա, մասնավորապես, պնդել է, թե ԱՄՆ-ն է վերահսկելու ճանապարհը, ինչպես նաև ապահովելու է դրա անվտանգությունը։ «Ընդեղ կանգնած են ռուս սահմանապահներ, ԹՐԻՓՓ-ը վերահսկում է Ամերիկան․․․Մենք տալիս ենք դա ամերկյանին․․․Մենք ասում ենք, որ անվտանգությունը ապահովելու են էն կամպանիաները, որոնք աշխատելու են»,- ասել է Հարությունյանը։
ԹՐԻՓՓ-ը վերահսկելու է Հայաստանը
Հարությունյանի պնդումը, թե ԹՐԻՓՓ-ը վերահսկելու կամ դրա անվտանգությունը ապահովելու են ամերիկյան ձեռնարկությունները, չի համապատասխանում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված և ստորագրված փաստաթղթերին։
Այսպես, 2026 թվականի հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում միասին հրապարակեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը, որը 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու մասին փաստաթուղթ է։
Փաստաթղթում նշվում է․ «Հայաստանը հստակորեն պահպանում է օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին, ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը, հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում ՀՀ բոլոր օրենքները կիրառելու իրավազորությունը»։
Փաստաթղթում կա հատուկ անդրադարձ սահմանային ու մաքսային հսկողության գործառույթներին, որոնք նույնպես վերապահված են հայկական կողմից։
«Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս — բեք օֆիս» (ընդունարան — գրասենյակ) գործառնական մոդելը»
Այսպիսով, Հայաստանն է վերահսկելու ԹՐԻՓՓ-ը, ապահովելու դրա անվտանգությունը․ հետաևբար Հարությունյանի այս պնդումը սխալ է։
Վենսին վերագրվող խոսքեր․ Ո՞վ է ֆինանսավորելու ԹՐԻՓՓ-ը
Հարությունյանը նաև պնդել է, թե ԱՄՆ փոխնագահ Ջեյ Դի Վենսն ասել է՝ «նախագիծը հովանավորելու են տարածաշրջանի գործընկերները»։
Փաստերի ստուգման մշտադիտարկումը ցույց է տվել, որ Վենսը նման հրապարակային հայտարարություն չի արել, բաց ու պաշտոնական աղբյուրներում չկան պնդումներ, որ նա երբևէ նման բան է հայտարարել։
Միևնույն ժամանակ, հունվարին ստորագրված փաստաթղթով ամրագրվում է․ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնումը՝ ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ»։
Նշվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձևավորելու ուղղությամբ։
«Ակնկալվում է, որ կառուցվածքը կարտացոլի հետևյալ խնդիրները.
1) Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների ներգրավածություն բազմամոդալ տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում և հարցերում, և 2) ֆինանսական եկամուտ ԱՄՆ-ին՝ իր նախնական ներդրման դիմաց, կամ այլ տնտեսական օգուտներ ԱՄՆ կառավարությանը կամ ԱՄՆ ընկերություններին։ Նախատեսվում է, որ հստակեցված սկզբունքային հարցերի շրջանակներում գտնվող որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ՝ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով»։
Այսպիսով, Վենսը չի հայտարարել, որ ԹՐԻՓՓ-ը պետք է ֆինանսավորեն տարածաշրջանային գործընկերները․ Հարությունյանի այս պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը։
Նանե Մանասյան
The post Վաղարշակ Հարությունյանի սխալ պնդումները․ ով է վերահսկելու ԹՐԻՓՓ-ը, ինչ է ասել Վենսը նախագծի ֆինանսավորման մասին appeared first on FIP.AM.