Netflix-ը մինչև 600 մլն դոլար կվճարի Բեն Աֆլեքի ԱԲ ընկերության համար

Ամերիկյան սթրիմինգային ծառայություն Netflix-ը ձեռք է բերել ֆիլմերի արտադրության համար արհեստական բանականության տեխնոլոգիաներով զբաղվող InterPositive ընկերությունը։ Գործարքի արժեքը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն Bloomberg-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ Netflix-ը կարող է վճարել մինչև 600 մլն դոլար։

Գործակալության աղբյուրների խոսքով՝ ընկերության նախնական գնահատականը նշված գումարից ցածր էր, սակայն InterPositive-ի սեփականատերերը կարող են լրացուցիչ վճարումներ ստանալ, եթե ընկերությունը հասնի որոշակի ցուցանիշների։

InterPositive ընկերությունը հիմնադրվել է դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքի կողմից 2022 թվականին՝ ներդրումային RedBird Capital Partners ընկերության աջակցությամբ։ Այն մշակում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ, որոնք օգնում են խմբագրել և մոնտաժել արդեն նկարահանված տեսանյութերը։

Ընկերության տեխնոլոգիաներից, մասնավորապես, օգտվել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերը՝ «Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմի նկարահանման ժամանակ, որտեղ գլխավոր դերերից մեկում հանդես է եկել Բրեդ Փիթը։

Բեն Աֆլեքը երկու անգամ արժանացել է Օսկարի՝

  • 1998 թվականին՝ լավագույն սցենարի համար «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմի համար (համահեղինակ՝ Մեթ Դեյմոն),
  • 2013 թվականին՝ լավագույն ֆիլմի համար «Արգո» ֆիլմի համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment