Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.03.2026 | 13:23

Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում այսօր օդային տագնապի ազդանշաններ են հնչել, գրում է Անադոլու գործակալությունը։

Ադանայի բնակիչները տեղական ժամանակով 3:25-ին արթնացել են շուրջ հինգ րոպե տևողությամբ տագնապի ազդանշաններից, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ բազայում «կարմիր տագնապ» է հայտարարվել։ Մարդիկ սոցցանցերում տեղադրել են բջջային հեռախոսով արված կադրեր, որտեղ երևում է երկնքում թռչող լուսավոր պատկեր: Ենթադրվում է, որ դա կարող է լինել ավիաբազային ուղղված հրթիռ։

Քաղաքի ամբողջ տարածքում հրշեջ մեքենաների և անվտանգության ուժերի ազդանշանների ձայներ են լսվել երկար ժամանակ։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը խափանել էին Թուրքիայի ուղղությամբ թռչող երկու բալիստիկ հրթիռներ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ  միջոցների կողմից։ Գերատեսչությունը հավելել է, որ հրթիռի բեկորներն ընկել են հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի դատարկ  հողատարածքի վրա՝ նշելով, որ զոհեր կամ վիրավորներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment