Սահմանադրական դատարանը հաստատեց ՀԷՑ-ի վերաբերյալ օրենքների սահմանադրականությունը

ՀՀ Սահմանադրական դատարանը վերջնական որոշում է կայացրել՝ հաստատելով «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների սահմանադրականությունը, որոնք վերաբերում են ՀԷՑ-ի կառավարման փոփոխություններին։ Այս որոշումը ընդունվել է ընդդիմադիր պատգամավորների դիմումի քննությունից հետո, ովքեր պահանջում էին կասեցնել օրենքների գործողությունը։ Դատարանը մերժել է դիմումը և հաստատել, որ «Տաշիր կապիտալին» լիցենզիայից զրկելու գործընթացը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։

Այս առիթով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել է․

«ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ անփոփոխ թողնելով էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։

Սահմանադրական դատարանը դրանով փաստել է, որ այդ իրավակարգավորումներն ամբողջությամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին և սահմանադրական կարգավորումներին։ Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Leave a comment