ՀՀ ՇՄ նախարարը Կանադայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող COP17 գագաթնաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր


Կանադայում եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Ավիվա Դաբրուզինի հետ նախատեսված հանդիպումը կայացել է առցանց ձևաչափով։ Այդ մասին տեղեկանումե նք ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի Ֆեյսբուքի էջից:


 


«Հանդիպմանը մասնակցել է նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անահիտ Հարությունյանը։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Մոնրեալում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության հետ կայացած հանդիպումներին՝ նվիրված COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և Հայաստանի նախագահության առաջնահերթություններին։


 


Զրույցի շրջանակում քննարկել ենք Հայաստանում նախատեսվող COP17 գագաթաժողովի կազմակերպչական և բովանդակային մի շարք հարցեր, ինչպես նաև դրանց իրականացման շրջանակում հնարավոր համագործակցության ձևաչափերը։


 


Մտքեր ենք փոխանակել նաև կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական քաղաքականության և գլոբալ բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։


 


Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է COP17-ի հաջող կազմակերպման կարևորությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման կարևոր հարթակի»,- նշված է գրառման մեջ։

Leave a comment