Իսրայելական բանակին հրամայվել է պատրաստվել Լիբանանում գործողությունների «ընդլայնմանը»

Քաղաքականություն

12.03.2026 | 18:20

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել  է, որ հրամայել է զինվորականներին՝ պատրաստվել Լիբանանում գործողությունների ընդլայնմանը, այն բանից հետո, երբ «Հըզբոլլահը» գիշերը Իսրայելի վրա հրթիռային հարվածներ է հասցրել։

«Վարչապետի հետ հրահանգել ենք Իսրայելի բանակին պատրաստվել Լիբանանում գործողությունների ընդլայնմանը և հյուսիսային համայնքներում հանգստության ու անվտանգության վերականգնմանը։ Ես զգուշացրել եմ Լիբանանի նախագահին, որ եթե Լիբանանի կառավարությունը չգիտի՝ ինչպես վերահսկել տարածքը, կանխել «Հըզբոլլահ»-ի կողմից հյուսիսային համայնքներին սպառնալը և Իսրայելի ուղղությամբ կրակոցները, մենք կվերցնենք տարածքը և դա կանենք ինքներս»,- ասել է Կացը։

Լիբանանն անցյալ շաբաթ ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ, երբ «Հըզբոլլահը» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-Իսրայել հարվածների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։ Իսրայելական բանակի տվյալներով՝ «Հըզբոլլահը» գիշերը շուրջ 200 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ և երկրի խորքը։ Շատ հրթիռներ որսացել են, լուրջ վիրավորներ չկան։

Լիբանանի վրա Իսրայելի կողմից մարտի 2-ից ի վեր իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 687 մարդ, հայտարարել է Լիբանանի տեղեկատվության նախարարը։ Կառավարության նիստից հետո արված հայտարարության մեջ Պոլ Մարկոսը նշել է, որ «սպանվածների թիվը հասել է 687-ի, այդ թվում՝ 98 երեխա և 52 կին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment