ՀՀ-ով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները. Վահե Հովհաննիսյան

ՀՀ-ով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները. Վահե Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ամփոփել է 2025 թվականի աշխատանքները:

Նա հայտնել է, որ դրական նորություն կա․ սպասում են պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակ:

«Այսինքն՝ այն, ինչ գրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ, կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ: Սա պայմանավորված է նրանով, որ մենք տեսնում ենք շուկայի դրական զարգացումներ ոչ միայն միջազգային շուկաներում, այլև Հայաստանում: Օրինակ՝ եթե մենք 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9,6 տոկոս տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 2026 թվականին տեղի ունեցած առաջին աճուրդից այդ նույն տոկոսադրույքը եղել է 8,09»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ սա շատ դրական փոփոխություն է, որը մի կողմից պայմանավորված է ՀՀ բանկային համակարգում դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները:

«Իրենք մասնակցում են մեր տեղական աճուրդներին՝ դրանով իրենց դրական ազդեցությունն ունենալով մեր տոկոսադրույքների վրա:

Սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել եմ, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու ուղղությամբ, և սա, ըստ էության, այս պահի դրությամբ տեղի է ունենում: Այդ պահի դրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը 7 տոկոսից ավելին է, եթե նախկինում դա 1 տոկոսից նույնիսկ ցածր էր»,- նշել է նախարարը:

Leave a comment