ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ սպասվում է պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակ։ «Ինչ գրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ»,- նշել է նա։
Նախարարը նաև մեկնաբանել է պատճառը. «Սա պայմանավորված է նրանով, որ մենք տեսնում ենք շուկայի դրական զարգացումներ ոչ միայն միջազգային շուկաներում, այլև Հայաստանում: Օրինակ՝ եթե մենք 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9,6 տոկոս տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 2026 թվականին տեղի ունեցած առաջին աճուրդից այդ նույն տոկոսադրույքը եղել է 8,09:
Սա շատ դրական փոփոխություն է, որը, իհարկե, մի կողմից պայմանավորված է ՀՀ բանկային համակարգում դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները, և իրենք մասնակցում են մեր տեղական աճուրդներին՝ դրանով իրենց դրական ազդեցությունն ունենալով մեր տոկոսադրույքների վրա։
Սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել եմ, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու ուղղությամբ, և սա, ըստ էության, այս պահի դրությամբ տեղի է ունենում»: