Փաշինյանն ու Պուտինը, Գզոյանն ու Վենսը, գրքերն ու նժույգները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հաստատել է, որ ինքն է դրդել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանին աշխատանքից ազատվելու դիմում գրել:
«Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ եւ սադրիչ գործողություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ թանգարանի տնօրենը հեռացվե՞լ է, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի վերաբերյալ գի՞րք է նվիրել: 
«Սա անվտանգության հարց է. երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել, չի կարող լինել պաշտոնյա, որ կշարունակի շարժումը: Օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը եւ այն պետական պաշտոնյան, որն այդ քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:   
2019 թվականի հոկտեմբերին՝ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» բառերն արտասանելուց մի քանի ամիս անց, Հայաստանի վարչապետը Աշխաբադում 
մասնակցում էր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Գագաթնաժողովի միջանցքներում Նիկոլ Փաշինյանը հարմար պահ էր որսացել 
եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գիրք էր նվիրել՝ ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Խաղաղություն Ղարաբաղին» աշխատությունը: Կազիմիրովը հայամետ գործչի համբավ ուներ՝ գոնե այն պատճառով, որ մշտապես վկայակոչում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Մի քանի օր անց գիրք նվիրելու փաստին անդրադարձել էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Եվրոպական միության Պատվիրակության դեկավար Անդրեա Վիկտորինի կողքին նստած՝ նա ասել էր, որ եվրոպացի դիվանագետները պետք է «զգան նոր իշխանությունների զարկերակը» եւ հասկական «մեսիջը». եթե որոշ պետությունների ղեկավարներ միմյանց նժույգներ են նվիրում, ապա Փաշինյանը Պուտինին գիրք նվիրեց եւ դա «պարադիգմայի փոփոխություն էր»:

2019 թվականին Նիկոլ Փաշինյանը իրեն Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ էր համարում եւ չէր վախենում Պուտինին Արցախի մասին գիրք նվիրել: Հիմա նա մարդկանց ազատում է աշխատանքից՝ Արցախի մասին գիրք նվիրելու համար: Կարծում եմ, հաջորդ քայլը պետք է լինի բոլոր «սխալ» գրքերի ոչնչացումը՝ ո՞րն է երաշխիքը, որ վաղը մեկ ուրիշ պաշտոնյա մի այդպիսի գիրք չի նվիրի որեւէ հյուրի:
Իսկ Ալիեւը պատերազմից կես տարի հետո Շուշիում Էրդողանին «Հաղթանակ» անունով նժույգ նվիրեց: Այն Շուշիում, որտեղ պարում էր Փաշինյանը՝ մոտեցնելով պատերազմը: 
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է

Leave a comment