15 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով

Ռուսական զինվորական դատարանը մերձմոսկովյան «Կրոկուս Սիթ Հոլլ»-ում ահաբեկչության չորս կատարողներին՝ Դալերջոն Միրզոևին, Սաիդակրամ Ռաչաբալիզոդային, Շամսիդին Ֆարիդունիին և Մուհամմադսոբիրու Ֆայզովային դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական հարձակում կատարելու, ահաբեկչական գործունեությանն օժանդակելու, ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով ուսուցում անցնելու և այլ հանցագործությունների մեջ, գրում է Meduza-ն։

Դատարանը նաև նրանց տուգանել է 990,000 ռուբլով։ Նրանք պատիժը կկրեն հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նաև ահաբեկչական հարձակման գործով ևս 11 մեղադրյալի, որոնց հետաքննությունը համարում է հանցագործների հանցակիցներ։ Նրանք  են՝ Ումեջոն և Մուստակիմ Սոլիևները, Շաքրոմջոն Գադոևը, Զուբայդուլո Իսմոիլովը, Հուսեյն Խամիդովը, Մուհամմադ Շարիպզոդան, Յակուբջոնի Յուսուֆզոդան, Նազրիմադ Լութֆուլլոյը, Ջումախոն Կուրբոնովը, Հուսեն Մեդովը և Ջաբրաիլ Աուշևը։

Չորս այլ մեղադրյալներ դատապարտվել են 19 տարի 11 ամսից մինչև 22,5 տարի ժամկետով ազատազրկման։

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ Ահաբեկիչները համալիր են ներխուժել այն պահին, երբ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը։ Նրանք կրակ են բացել հանդիսատեսի և համալիրի անձնակազմի վրա, ապա հրկիզել համերգասրահը։ Այս հարձակման հետևանքով 150 մարդ է զոհվել։

Հարձակման չորս անմիջական կատարողների հետ մեկտեղ՝ մեղադրանք է առաջադրվել նրանց ենթադրյալ հանցակիցներից 15-ին։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Վիլայաթ Խորասան» խմբավորումը , որն Աֆղանստանում «Իսլամական պետության» հետ կապված կազմակերպություն է։ Վլադիմիր Պուտինը պնդել էր, որ ահաբեկիչները գործել են Ուկրաինայի շահերից ելնելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment