«Իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ եւ գործընկեր երկրներ»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մտահոգությամբ է հետեւում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ եւ գործընկեր մի շարք երկրներ։

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին մարտի 9-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, որի ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արեւելքի շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։
«Վարչապետը կարեւորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը եւ կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին», – ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Leave a comment