Ստրասբուրգում բացվեց Հայոց այբուբենի հուշարձանը – Azat TV

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, տեղի ունեցավ «Արմատագիր – երկխոսության ուժը» խորագրով Հայոց այբուբենի հուշարձանի բացումը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Այս քանդակն արտահայտում է հայերեն լեզվի և մշակույթի կարևորությունը, ինչպես նաև հայ ժողովրդի ինքնության հիմնասյուները։ Հուշարձանը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից և տեղադրվել է ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։

Ռոբերտա Մեցոլան իր խոսքում ընդգծեց, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, և հայերենը՝ որպես հարուստ և բազմազան երկխոսության մաս, ամրապնդում է Եվրոպայի մշակութային բազմազանությունը։ Նա մեջբերեց հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի խոսքերը՝ «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»։

Leave a comment