Մարզերի աշակերտները մասնակցել են «Հավասար ձայներ» միջոցառմանը

Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի տարբեր համայնքներից 65 աշակերտ եւ ուսուցիչ հավաքվել էին Երեւանում՝ մասնակցելու «Հավասար ձայներ․ պատմություններից դեպի առաջնորդություն» միջոցառմանը։ 
Այն կազմակերպվել էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կողմից եւ տեղի էր ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության երեւանյան կենտրոնակայանում։ 
Միջոցառումն իրականացվել է Teach For All-ի Let Girls Thrive հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում «Զարմանահրաշ հայ կանայք» գրքի համահեղինակներ Էլմիրա Այվազյանի եւ Գայանե Աղաբալյանի մասնակցությամբ։ 
Քննարկումից հետո աշակերտները ներկայացրին հետազոտական նախագծեր այն անհատների եւ կազմակերպությունների մասին, որոնք նպաստել են Հայաստանում գենդերային հավասարության առաջխաղացմանը։ Յոթ համայնք ներկայացնող աշակերտները ուսումնասիրել էին տարբեր թեմաներ եւ անձանց, այդ թվում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մարի Լու Փափազյանին,  Armenia Tree Project-ի հիմնադիր Քերոլին Մուգարին, Երեւանի պատմական Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը, Ասլամազյան քույրերին, եզդի-հայ մանկավարժ Իրինա Թումոյանին եւ պատերազմի վետերան Ալվարդ Վարդանյանին։
«Այս ծրագիրը հնարավորություն է ստեղծում, որ աշակերտները ուսումնասիրեն գենդերային հավասարությունը՝ հիմնվելով հայկական պատմությունների եւ փորձառությունների վրա։ Տեղական օրինակների մասին հետազոտելով եւ իրենց բացահայտումները կիսելով այլ համայնքներում սովորողների հետ՝ աշակերտները սկսում են իրենց տեսնել որպես առաջնորդներ, որոնք կարող են ձեւավորել ավելի արդար ապագա Հայաստանում», – ասել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի զարգացման բաժնի պատասխանատու Կատրինա Շաքարյանը:
«Երբ աշխատում էինք գրքի վրա, մեր ամենամեծ երազանքն էր, որ այն հասնի Հայաստանի տարբեր համայնքների աշակերտներին։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն եւ Let Girls Thrive նախաձեռնությունը մեզ տվեցին այդ հնարավորությունը։ Աշակերտների մտածված հարցերը, ներկայացումները եւ փոքր բեմական կատարումները մեզ հուզեցին եւ մեծ ուրախությամբ լցրեցին մեր սրտերը», – ասել է «Զարմանահրաշ հայ կանայք» գրքի համահեղինակ Էլմիրա Այվազյանը։
«Իրապես տպավորիչ է այն, ինչ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Ուսուցիչ-առաջնորդները եւ նրանց աշակերտները արել են այս գրքի հետ։ Մենք ուրախ ենք, որ գրքի պատմությունները տարածվում են», – նշել է գրքի համահեղինակ Գայանե Աղաբալյանը։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն երրորդ տարին անընդմեջ ստանում է աջակցություն Teach For All-ի Let Girls Thrive հիմնադրամից։ 

Leave a comment