Իրանական ԱԹՍ-ները հարվածել են Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքին. 4 վիրավոր կա

Քաղաքականություն

11.03.2026 | 13:41

Իրանական երկու անօդաչու թռչող սարքեր են հարվածել Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքին, չորս վիրավոր կա։ Չնայած դրան՝ թռիչքները շարունակվում են, հայտնել են իշխանությունները։

«Հարձակման հետևանքով Գանայի երկու և Բանգլադեշի  մեկ քաղաքացի ստացել են թեթև, իսկ մեկ Հնդկաստանի քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ»,- ասվում է Դուբայի քաղաք-նահանգի կառավարության անունից տարածված հաղորդագրությունում։

Նշվում է, որ օդային հաղորդակցությունն իրականացվում է սովորականի պես։

Դուբայի միջազգային օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից է միջազգային չվերթների առումով։ Իշխանությունները փորձում են ընդլայնել թռիչքների ժամանակացույցը, չնայած օդանավակայանը ԱՄՆ-Իրան-Իսրայել պատերազմի թիրախ է դարձել։

Առաջին դեպքը չէ, երբ օդանավակայանը հարձակման է ենթարկվում ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր։ Անցյալ շաբաթ օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարք կամ դրա բեկորներն էին ընկել, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment