Նժդեհյան ոգով՝ ուխտ հայրենիքին

Մարտի 10-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում անցկացվեց «Նժդեհյան ոգով՝ ուխտ հայրենիքին» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հայ մեծ զորավար, պետական գործիչ Գարեգին Նժդեհին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Էդգար Մաթևոսյանի հիշատակին։

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնահայաստանի հերոսամարտին և Գարեգին Նժդեհի բացառիկ դերին Սյունիքի պահպանման գործում։

Միջոցառմանը ներկա էին Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը, ուսուցչական կազմը և աշակերտները, այդ թվում՝ այն դասարանի սաները, որը կրում է հերոս Էդգար Մաթևոսյանի անունը։ Դպրոցի տնօրենը իր խոսքում ընդգծեց, որ հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից, ամրապնդվում դպրոցում և փոխանցվում սերունդներին որպես բարձրագույն արժեք։

Միջոցառմանը մասնակցում էին նաև հերոսի զինակից ընկերները և զինծառայողներ։ Նրանցից մեկը՝ Էդգար Մաթևոսյանի մարտական ընկեր Էլոնան, հիշեց հերոսի մարդկային ու զինվորական կերպարը՝ նշելով, որ նա եղել է նվիրված զինվոր, հավատարիմ ընկեր և օրինակելի ընտանիքի հայր։

Միջոցառման ընթացքում  Նժդեհի մենախոսությամբ հանդես եկավ Կապանի դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանում Նժդեհի առաջին դերակատարներից մեկը՝ Արտավազդ Գրիգորյանը։ Հայրենասիրական երգերով ելույթ ունեցան Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի սաները, պարային կատարումով հանդես եկավ «Նարա-դանս» պարային համույթը և այլք:

Նաև ցուցադրվեց  Էդգար Մաթևոսյանին նվիրված ֆիլմ, որը ներկայացնում էր նրա կյանքի, ծառայության և հերոսական ճանապարհի կարևոր դրվագները։

Միջոցառումն անցավ հայրենասիրական ու հուզիչ մթնոլորտում՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ հայրենիքը պահպանվում է ոչ միայն պատմության հերոսների, այլև  նրանց ոգով դաստիարակված նոր սերունդների շնորհիվ։

 

 Իզա Ասծատրյան

Leave a comment