Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է Դատախազության տվյալներին. Hetq

Մարտի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ճեպազրույցում անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին: Գրում է Հետքը։

«Ֆակտոր»-ի լրագրողի դիտարկմանը, թե դրա շրջանակներում պետությանը վերադարձվել է 15 մլն դոլար՝ Ռուբինյանը պատասխանեց՝ հղում անելով կողքից իրեն հուշող մեկ այլ իշխանական պատգամավորի՝ Արման Եղոյանին, ու հայտարարեց, թե «500 մլն դոլար՝ վճռով կամ հաշտությամբ հետ է եկել [պետությանը]»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հայցվող տեղեկատվությունն առկա է փետրվարի 28-ի իրենց հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը հայտարարել է, որ 2020-2025 թթ. (Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձեւավորվել է 2020-ին) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով (կան վճիռներ, որոնք դեռ չեն մտել օրինական ուժի մեջ — հեղ.) եւ հաշտության 9 համաձայնություններով փետրվարի 28-ի դրությամբ հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 մլրդ 411 մլն 112 հազ 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 մլն 100 հազար դրամ, ինչպես նաեւ՝ 1 մլրդ 013 մլն 281 հազար դրամ:

Leave a comment