Մոնրեալում շարունակվում են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության կազմակերպած քննարկումները


Մոնրեալում շարունակվում են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկումները՝ նվիրված COP17-ի նախագահության առաջնահերթություններին և Հայաստանում կայանալիք համաժողովի բովանդակային նախապատրաստմանը։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։


 


«Այս օրերին անցկացվող աշխատանքային նիստերի ընթացքում Քարտուղարությունը ներկայացնում է քննարկման ենթակա հիմնական թեմաների փաթեթը, որը ներառում է մի շարք առանցքային ուղղություններ՝ պլանավորման, մոնիթորինգի, հաշվետվության և վերանայման մեխանիզմներ, ռեսուրսների մոբիլիզացում, Կոնվենցիայի 8(j) հոդվածի իրականացում՝ տեղական և բնիկ համայնքների մասնակցության ապահովմամբ, կարողությունների զարգացում, գենդերային գործողությունների ծրագիր, Կոնվենցիայի արդյունավետության վերանայում, ինչպես նաև ծրագրերի աշխատանքի ռազմավարական վերանայում և թարմացումներ։


 


Քննարկումների շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության փոխկապակցվածությանը, վայրի բնության կայուն կառավարմանը, ինչպես նաև կենսաբազմազանության և գյուղատնտեսության ոլորտների փոխկապվածությանը և այլ կարևոր թեմաների։


 


Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ մարտի 9-11-ը  նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ  Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Դիտումների քանակ5

Leave a comment