Հրապարակվեց փաստաթուղթ այն մասին, որ չի լինելու արտատարածքային միջանցք. Ռուբինյանի անդրադարձը՝ ընդդիմադիրների պնդումներին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում խաղաղության հռչակագիրը ստորագրվում էր, ընդդիմությունն ասում էր՝ սրանով մենք արտատարածքային միջանցք ենք տալիս, սրանով մեր ինքնիշխանությունը կրճատվում է և այդ դեպքում մեզ համար ոչինչ չի բացվելու, մենք մնալու ենք ապաշրջափակման մեջ: Անցավ մի քանի ամիս, երկու պնդումներն էլ հերքվեցին»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ Ռուբինյանի կա երեք պնդում և՛ չարամիտ շրջանակների մոտ, և՛ բարեմիտ և ազնիվ շրջանակների մոտ. «Մտահոգություն անվտանգության վերաբերյալ, այսինքն՝ արդյոք Հայաստանի ամբողջ տարածքում և հատկապես այն հատվածում, որտեղ կոմունիկացիաներն են անցնելու, Հայաստանն է պահպանելու անվտանգությունը, թե ոչ, երկրորդ՝ արդյոք համապատասխան ընթացակարգերը լինելու են, թե՝ ոչ և արդյոք հայ սահմանապահները լինելու են սահմանին, թե՝ ոչ: Հունվարի 14-ին հրապարակվեց փաստաթուղթ, որոնցով բոլոր երեք կետերով հստակ պատասխան եղավ սևով սպիտակին գրված, որ ՀՀ ամբողջ տարածքում անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունները, որ ամեն ինչ լինում է մեր ինքնիշխանության և իրավազորության ներքո, որ համապատասխան մաքսային և սահմանային ընթացակարգերը լինելու են, որ հայ սահմանապահներն էլ ֆիզիկական ներկայություն են ունենալու բոլոր սահմանային և մաքսային կետերում: Հրապարակվեց փաստաթուղթ այն մասին, որ չի լինելու արտատարածքային միջանցք: Արդեն իսկ մասնակիորեն ապարջափակումը տեղի է ունեցել, բայց դա ամենը չէ: Օգոստոսի 8-ի հռչակագիրը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակվելու են»: