Պարսից ծոցի երկրները հաղորդել են գիշերվա ընթացքում ավելի շատ հարձակումների մասին

Քաղաքականություն

10.03.2026 | 13:42

Մինչ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են Իրանի վրա օդային հարվածները, իսկ Իսրայելը նաև հարվածում է Լիբանանին, Պարսից ծոցի երկրները շարունակում են կասեցնել Իրանի կողմից  պատասխան հարվածները, գրում է BBC-ն։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ գիշերը որսացել է բալիստիկ հրթիռ և հինգ հարվածային անօդաչու թռչող սարք։ Քուվեյթի զինվորականները, իրենց հերթին, հայտարարել են վեց անօդաչու թռչող սարք որսալու և խոցելու մասին։

Երկուշաբթի ուշ երեկոյան Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հարձակման ժամանակ 29-ամյա կնոջ մահից հետո Բահրեյնը տագնապի ազդանշաններ է հնչեցրել՝ բնակիչներին հորդորելով պատսպարվել ապաստարաններում:

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության նախարարությունն էլ երեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ շարունակում է որսալ Իրանի կողմից «հրթիռների և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքները» և տեղակայել է հակաօդային պաշտպանության համակարգեր և կործանիչներ։ ԱՄԷ-ն նաև հայտնել է, որ իր հյուպատոսությունը Էրբիլում (Հյուսիսային Իրաք) անօդաչու թռչող սարքի թիրախ է դարձել, տուժածներ չկան:

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել են Իրաքյան Քուրդիստանում գտնվող ամերիկյան բազայի վրա, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը շարունակվում է:

«Քուրդիստանի Ալ-Հարիր ավիաբազայում գտնվող ԱՄՆ բանակի շտաբը խոցվել է հինգ հրթիռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment