Թրամփը և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի և Ուկրաինայի պատերազմների դադարեցման հարցը

Քաղաքականություն

10.03.2026 | 11:55

Կրեմլը հայտնել է, որ նախագահ Թրամփը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Իրանի հետ պատերազմը և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։

Սա Թրամփի և Պուտինի միջև առաջին զանգն էր Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր, գրում է Axios-ը։

Ռուսաստանը Իրանի հիմնական դաշնակիցն է, և ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ այն օգնում է իրանցիներին պատերազմական ջանքերում։ Սպիտակ տան դեսպան Սթիվ Ուիթկոֆը շաբաթ օրը լրագրողներին ասել էր, որ ինքը ռուս պաշտոնյաներին հայտնել է, որ նրանք չպետք է որևէ հետախուզական տեղեկատվություն կիսեն Իրանի հետ։

Պուտինի արտաքին քաղաքականության խորհրդական Յուրի Ուշակովը ռուս լրագրողներին ասել է, որ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ և եղել է «անկեղծ» և «գործնական»։

Նա նշել է, որ Պուտինը Թրամփին ներկայացրել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու «մի քանի առաջարկներ»։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Ֆրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը կապ են հաստատել՝ քննարկելու հրադադարի պայմանները։
Մի քանի ժամ անց Թրամփը լրագրողներին ասել է, որ «շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ»։

«Նա ուզում է օգտակար լինել [Իրանի հարցում]: Ես նրան ասացի, որ դուք կարող եք ավելի օգտակար լինել՝ ավարտելով պատերազմը Ուկրաինայում», – ասել է  Թրամփը՝ հավելելով.

«Մենք խոսել ենք Ուկրաինայի մասին, և դա պարզապես անվերջ պայքար է։ Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև կա հսկայական ատելություն. նրանք կարծես չեն կարողանում լեզու գտնել։ Բայց ես կարծում եմ, որ այդ հարցի շուրջ զրույցը դրական էր»։

Ուշակովը հավելել է, որ Թրամփը և Պուտինը քննարկել են նավթի շուկաներում գների կտրուկ աճը։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլատրել է Հնդկաստանին գնել ռուսական նավթ՝ արտադրության պակասը մեղմելու հույսով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment